Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի. Ստորագրահավաք Ազատության հրապարակում (ֆոտո)-

Հայաստանյան մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր՝ օգոստոսի 10-ին, հավաքվել էին Ազատության հրապարակում, որպեսզի իշխանություններին երկու ամսվա վերջնաժամկետ ներկայացնեն եւ պահանջեն՝ քրեական պատասխանատվության ենթարկել սույն թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնություններ գործած անձանց:

«Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։

Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:

Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ»,- ասվում է պահանջի մեջ:

Լրատվամիջոցների այս պահանջին միացել էին նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պատգամավորներ:

«Անկեղծ ասած, նման դեպքերի ժամանակ նախկինում մենք բավարարվում էինք դատապարտող հայտարարություններով, սակայն դրանք առ ոչինչ էին, որեւէ մեկը հետեւություն չէր անում: Հիմա մենք որոշեցինք այսպիսի զանգվածային ակցիա անցկացնել: Ակնկալում եմ, որ հետեւանք կլինի, քանի որ չի կարող լինել լրագրողական նման համերաշխություն եւ զրո հետեւանքներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:

«Ա1 պլյուս» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի կարծիքով էլ՝ իշխանություններն ինչ-որ բան կձեռնարկեն եւ ներկայացվող պահանջները կկատարեն:

«Ինձ համար կարեւորն այն է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն եւ այլեւս ոտնձգություններ չլինի մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: Այդ դեպքում միայն կարող եմ ասել՝ մեր ղեկավարությունը սկսեց մտածել»,- ասաց Մեսրոպ Մովսեսյանը:

Նշենք, որ մեկ ժամում պահանջին միացան շուրջ 70 քաղաքացի:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետեւանքով բռնության էին ենթարկվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը ծեծի էին ենթարկվել: ՍիվիլՆեթի լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ էր պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ էին ստացել։ Այրվածքներ էր ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում վիրավորվել էին նաեւ «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:

Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել էր պայթուցիկից: Տուժել էր նաեւ Լրագիր.am-ի օպերատորը։ Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ ծեծի են ենթարկվել նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:
Քաղաքացիական հագուստով անձինք NEWS.am-ի թղթակից Խորեն Գրիգորյանից խլել, ապա կոտրել էին տեսախցիկը:
Նույն օրը Գյումրիում ցույցի ժամանակ բռնության են ենթարկվել NEWS.am-ի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողները:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*