Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է դատարան. քննվում է նրա կալանքի բողոքարկումը (Ֆոտո)-

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխեցին Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննվելու է նրա կալանավորման մասին որոշումը բողոքարկելու մասին հարցը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի դիմաց են հավաքվել Հարությունյանի հարազատները, որոնք հույս ունեին գոնե այսօր մի քանի րոպեով տեսնել նրան:

Լրագրողների հետ զրույցում Հովհաննեսի քույրը՝ Թամարա Հարությունյանը, նշեց, որ Հովհաննեսը քառօրյա պատերազմից անմիջապես հետո էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել եւ առաջին քայլը, որն արել էր, Մոնթե Մելքոնյանի հետ կռվածներին գտնելն է եղել:

«Եղբայրս այժմ «Դատապարտյալների հիվանդանոցում» է, որտեղ պայմանները բավարար չեն, ես անձամբ եմ օդորակիչ եւ հեռուստացույց ուղարկել, իսկ նրա հիվանդասենյակից նույնիսկ սառնարանն են տարել: Մենակ կարող եմ ասել, որ հիմա սենյակն ավելի մաքուր է, քան առաջին օրերին էր, բայց խավարասերներ կան դեռ»,- ասաց Թամարա Հարությունյանը:

Քրոջ խոսքով՝ Հովհաննեսը երկրորդ վիրահատության կարիքն ունի, քանի որ բացի հրազենային վնասվածքից, նաեւ ծունկն է վնասվել: Թամարա Հարությունյանը հայտնեց նաեւ, որ եղբայրն արգելել է իրենց որեւիցե մեկից նյութական օգնություն վերցնել, թեեւ շատ մարդիկ են իրենց այցելել եւ փորձել օգնել. «Հովհաննեսը կոչ է արել, որ իրեն օգնեն ոչ թե դրամով, այլ իր գործը շարունակելով»:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանն Արարատի մարզի Բյուրավան գյուղի բնակիչ է, վերջին տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել էր Ռուսաստան: Նա մասնագիտությամբ ծրագրավորող է, ամուսնացած չէ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*