Շատ ափսոս. Շառլ Ազնավուրը չի կարող… «Սասնա ծռեր» շարժման օրակարգային հարցը-

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդում օրակարգային հարց չի դառնա «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի երեկվա հայտարարությունը, որով նա առաջարկել է, որ ժողովրդի վս­տահության անցումային կառավարությունը գլխավորի ՀՀ ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: Այս մասին ասաց շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշե­լով, որ Ղուկասյանի հայտարարությունը կարող է քննարկվել անձամբ նրա հետ, երբ հացադուլը դադարեցրած |լինի եւ գտնվի ազատության մեջ:

«Շառլ Ազնավուրը համաշխարհային հռչակ ունեցող հայ մարդ է եւ իր քաղաքական հանձնառությունները եւս հարգելի են, բայց ինքն անձամբ է ասում, որ քաղաքական մարդ չէ: Բազմաթիվ անգամ ասել է, որ քաղաքա­կան գործիչ չէ եւ պետական այրի հանգամանքով հանդես չի գալիս: Դա նշանակում է, որ Ազնավուրն, իր իսկ ասելով, քաղաքական գործունեու­թյամբ հանդես չի գալիս»,֊ նկատեց Ալեք Ենիգոմշյանը:

Հարցին քաղխորհուրդն այս դեպքում ո՞ւմ է տեսնում ժողովրդի վստա­հության կառավարության ղեկավարի դերում, Ենիգոմշյանը պատասխա­նեց. «Ես ասել եմ, որ ժամանակավոր կառավարությունը ղեկավարելու հարցում նախ պետք է որոշվի մե՞կ անձ պետք է դա ղեկավարի, թե կոլեգիալ պետք է ղեկավարվի: Ավելի առաջնային է այդ հարցը: Ծրագիրը հստակ լինելու դեպքում կորոշվի, թե ովքեր պետք է իրականացնեն այդ ծրագիրը»:

Նշենք, որ ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել հայտարարությամբ, որում մի շարք հարցադրումներ է անում եւ որոշ լուծումներ առաջարկում: Ղուկասյանը մասնավորապես գրել է. «Քրեաօլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետեւյալ չորս հարցերի հստակ պատասխանը: Առաջին, իսկապե՞ս հիմա անհրաժեշտ են արտահերթ նա­խագահական ընտրություններ: Երկրորդ, ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Երրորդ, ո՞վ կարող է գլխավորել այդ կա­ռավարությունը: Չորորդ. ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները»:

Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Շառլ Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որով­հետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ու­նի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խն­դիրը լուծելու համար: «Չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շառլ Ազնավուրի ներգ­րավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար»,- գրել է Ղուկասյանը: Նա նաև նշել է, որ առնվազն երեք քաղաքա­կան պայմանների առկայություն է անհրաժեշտ հասնելու այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները

1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խա­ղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու գոյություն ունեցող արգելքը:

2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:

3)  Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:

 

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*