Սեդրակ Նազարյանի նկատմամբ ակնհայտ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել. փաստաբան-

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը նախօրեին դատարան, ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելուց հետո ավելի է վատացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Օգոստոսի 12-ին Սեդրակ Նազարյանին տեղափոխել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին։ Ս.Նազարյանի ինքնազգացողությունը ավելի է վատացել, քանի որ նրան, ինքնաձիգներով զինված, ոստիկանների պահանջով դատական նիստերի դահլիճ են բերել քայլելով, ապա միայն ուղեկցող բժշկի վճռական պահանջից հետո դատարանի դահլիճ է բերվել պատգարակ, Ս.Նազարյանին է միացվել թթվածին: Դատական նիստի գրեթե ողջ ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով Ս.Նազարյանը եղել է քնած: Պաշտպանական կողմի միջնորդությունները դատական նիստը հետաձգելու, հիվանդանոցում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանի կողմից մերժվել են: Զուտ անձի ֆիզիկական ներկայությունը դատական նիստին ապահովելու համար նման առողջական վիճակում գտնվող անձի նկատմամբ նման վերաբերմունքն ակնհայտ անմարդկային է»,- գրել է Լուսինե Սահակյանը:

Ըստ փաստաբանի՝ գիշերային ժամին անցկացնելով դատական նիստը, արդեն ժամը 03:30-ի սահմաններում դատարանը հրապարակել է որոշումը քննիչի միջնորդությունը բավարարելու և Սեդրակ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկու ամիս ժամկետով կիրառելու մասին, իսկ գրավով կալանքից ազատելը ճանաչվել է անթույլատրելի: Շուրջ 30 րոպե անց նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

«Համաձայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկանքի Ս.Նազարյանի մոտ ախտորոշված է «կրծքավանդակի աջ կեսի միջանցիկ, թափանցող հրազենային վիրավորում, աջ թոքի վերին բլթի և ներքին քնային զարկերակի և երակի վնասումով: Սուբտոտալ հեմաթորաքս, պնևմոթորաքս: Արտաքին և ներքին արյունահոսություն: Հեմոռագիկ շոկ 2-3-րդ աստիճանի: Ձախակողմյան ստորբլթային թոքաբորբ»:

Թեև ակնհայտ է, որ նման ախտորոշմամբ անձն ունի հատուկ մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժման կարիք, այնուամենայնիվ Ս.Նազարյանը շարունակում է պահվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում»,- նշել է փաստաբանը:

Լուսինե Սահակյանը փոխանցել է նաեւ Սեդրակ Նազարյանի խոսքը. նա շնորհակալություն է հայտնել ուշադրության ու անհանգստության համար, անպայման ապաքինվելու է, վճռական է ցանկացած պայմաններում շարունակել պայքարը հանուն մեր բոլորի երազած Հայաստանի Հանրապետության:

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ըստ փաստաբանների՝ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*