Դանիել Դավթյան. գլխի բեկորային վնասվածքով զինվորն ուզում է մասնագիտություն ստանալ-

Քառօրյա պատերազմի առաջին օրը ծանր վիրավորում ստացած, 21-ամյա Դանիել Դավթյանն ավարտել է բուժումը: 4 ամիս հոսպիտալում, ապա Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում բուժում ստանալուց հետո տանկիստ-մեխանիկը դուրս է գրվել եւ արդեն տանն է:

«Ձախ ձեռքն այս պահին ընդհանրապես չի շարժում, քանի որ գլխուղեղի աջ կիսագունդն էր վիրավորվել: Հենակներով է քայլում, գլխի մեջ դեռ բեկոր կա: Բժիշկներն ասել են, որ 1-2 տարուց կրկին հետազոտվի եւ որոշում կայացվի՝ բեկորը կհեռացնեն, թե չէ, քանի որ շատ վտանգավոր է՝ բեկորը հենց ուղեղի մոտ է»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Դանիելի ծնողները:

Դանիելը վիրավորվել էր ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. արկի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մանր բեկորներ էին հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել էր ուղեղում: Զինծառայողը կոմայից դուրս էր եկել մկրտվելուց կարճ ժամանակ անց: Բանակ գնալուց առաջ Դանիելը որոշել էր ծառայությունն ավարտելուն պես խոհարարություն սովորել: Այսօր այդ ցանկությունն իրագործել չի կարող:

«Ձախ ձեռքն ընդհանրապես չի շարժում, ինչպե՞ս կարող է խոհարարությամբ զբաղվել: Ամբողջ օրը տանն է, ոչ մի զբաղմունք չկա: Ինքը շատ է ուզում սովորել, ինչ-որ գործով զբաղվել, բայց ինչպե՞ս դա կարող է անել: Բժիշկներն էլ չեն ասում, թե երբ կկարողանա ձեռքը շարժել»,- նշեց զինծառայողի մայրը:

Դանիելն ամբողջ օրը տանը մենակ է, ծնողներն աշխատում են նրա կարիքները հոգալու համար, եղբայրն էլ բանակում է: Զինվորի ծնողները շատ կուզենային, որ իրենց որդին կարողանար ինքնուրույն տեղաշարժվել, որեւէ մասնագիտություն ստանալ, ապա աշխատել:

Հիշեցնենք, որ ավելի քան 4 ամիս առաջ վիրավորում ստացած Դանիել Դավթյանն առաջին կարգի հաշմանդամ է, սակայն դեռեւս հայտնի չէ, թե նա երբվանից կսկսի հաշմանդամության նպաստը ստանալ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*