Ռիո-2016. Միհրան Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կհանդիպի ադրբեջանցի Չունաեւին-

Միհրան Հարությունյանը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ:

Երկրորդ գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 2:1 հաշվով հաղթեց աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին:

Առաջին մրցափուլում կորեացուն ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, իսկ Միհրանը գլորում կատարեց եւ վաստակեց 2 միավոր: Առաջին մրցափուլի վերջնամասում արդեն հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, սակայն շանս չտվեց մրցակցին եւ ընդմիջման գնաց 2 միավորի առավելությունը:

Երկրորդ մրցափուլում կորեացին շատ ակտիվ էր, բայց Միհրանը չէր նահանջում: Քիչ անց Հարությունյանի պասիվության համար մեկ միավոր ստացավ Ռյուն, որին ավելին անել չհաջողվեց, թեեւ հայ ըմբիշը դարձյալ հայտնվել էր պարտերում:

Կիսաեզրափակիչում Միհրան Հարությունյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելովեգիպտացի Ահմեդ Կահկին:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը 1/8 եզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր իտալացի Դաիգորո Տիմոնչինիին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*