Արայիկս միշտ ասել է` Ղարաբաղն ու իմ ազգն իմ էությունն է, միշտ պաշտպանելու եմ. «Միայնակ գայլի» մայր-

Ազատամարտիկներ Արարատ եւ Արայիկ («Միայնակ գայլ» ) Խանդոյանների մայրը` տիկին Ռիման, հույս ունի, որ իր որդիները կարդարացվեն եւ ազատ կարձակվեն: Լրագրողների հետ զրույցում այսօր` օգոստոսի 10-ին, տիկին Ռիման նշեց, որ իր որդիներն ազգի հերոսներ են եւ ինչքան էլ, որ իշխանությունները փորձեն նրանց պիտակավորել, հայ ազգը նրանց արած գործը չի մոռանա:

«Իրենք հերոս են, այդքան արյուն են թափել երկրի համար, քառօրյա պատերազմի առաջին օրվանից էլ երկու եղբայրներով գնացին կռվեցին, հիմա էլ անազատության մեջ են պահում: Արայիկին ամբողջ աշխարհն է ճանաչում, ինձ ամեն օր զանգեր են գալիս սփյուռքից, ասում են` մայրիկ ջան չընկճվես, մենք բոլորս Արայիկ ենք: Իր նկարներով մայկաներ են հագնում, ասում են` հպարտ եղի, որ իրենց մայրիկն ես»,-ասաց տիկին Ռիման:

Տիկին Ռիման նաեւ նշեց, որ պատրաստվում է վերադարձնել իր որդիներին հերոսության համար տրված պարգեւները. «Մեզ բնակարան են տվել, էդ կոչումներն էլ, բնակարանն էլ կհանձնեմ նրանց, նախարարն ինձ «Ծովակալ Իսակովի» մեդալով է պարգեւատրել, բոլորն հետ եմ տալու: Հինգ որդի ունեմ, որոնցից չորսը մասնակցել են պատերազմին, մեծ որդիս զոհվել է: Արայիկը միշտ ասել է` Ղարաբաղն իմ էությունն է, իմ ազգը իմ էությունն է, ես միշտ պաշտպանելու եմ իմ հայրենիքը: Հիմա էլ իրենց հետ են համեմատում իմ տղաներին ու անվանում ազգի դավաճան»:

Տիկին Ռիման մտահոգված է իր որդիների առողջական վիճակով եւ հորդորում է իշխանություններին անհիմն մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանին հնարավորինս շուտ ազատ արձակել.

«Արարատիս կալանավորումն անհիմն է, գիտեն, որ Արայիկի եղբայրն է, դրա համար էլ կալանավորել են: Արարատս ընդհանրապես առողջություն չունի` հինգ փամփուշտ  փորից հանել են, առողջական վիճակը կալանավայրում ավելի է բարդացել: Իր մի երիկամը հեռացվել է, փայծաղ չունի,  լյարդի մի մասը հեռացված է, մի խոսքով, վատ վիճակում է: Իսկ Արայիկիս նորից նույն վիրավոր ոտքին են խփել, մի քանի տարի առաջ էր կաստիլները ձեռքից վայր դրել, մի խոսքով` բարդ վիճակում են»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբորը՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանին ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նրանք երկուսն էլ կալանավորված են:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*