«Հովիկ Աբրահամյանը վտանգ էր ներկայացնում Սերժ Սարգսյանի համար». Արամ Հարությունյան-

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականին` նշելով, որ Սերժ Սարգսյանի համար Հովիկ Աբրահամյանը վտանգ էր ներկայացնում, այդ իսկ պատճառով վերջինը գնաց վարչապետի փոփոխության. «Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանը միակ մարդն է, որ թիմ ու ազդեցություն ունի. Սերժ Սարգսյանը չէր թողնի, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ նա լիներ վարչապետ: Հովիկ Աբրահամյանն իր խնամուն գցեց, արդյոք Սերժ Սարգսյանը մտավախություն չունե՞ր, որ իրեն էլ կգցի»,- կարծիք է հայտնել Հարությունյանը:

«Զավեշտալի է, որ ընտրություններից ամիսներ առաջ վարչապետ են փոխում, խոսում ազգային համաձայնության կառավարության մասին, որովհետև Սերժ Սարգսյանն է սպառնալիք մեր երկրի համար, պատերազմի իսկական սպառնալիք, որովհետև իր կառավարման տարիներին երկիրն ու բանակն այնքան թուլացան, որ Ադրբեջանը նույնիսկ հանդգնեց հարձակվել»,- ասել է բանախոսը:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանին՝ որպես վարչապետի թեկնածու, Ա. Հարությունյանը նկատել է. «Կարեն Կարապետյանը շատ ավելի թույլ վիճակում է գալիս, քան նույնիսկ Հովիկ Աբրահամյանի ժամանակ էր, այն ժամանակ կար գոնե ընդդիմություն փողոցում, Սերժ Սարգսյանը սարսափած էր այդ ընդդիմությունից, բացի դա Հովիկ Աբրահամյանը թիմ ուներ ՀՀԿ-ում, իսկ ինչ թիմ ունի խորհրդարանում Կարեն Կարապետյանը: Իր համար շատ ավելի դժվար է լինելու: Այնպես չէ, որ Կարեն Կարապետյանին լավ օրեր են սպասվում»:

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*