Սերժ Սարգսյանի «պադստավկան» Հովիկ Աբրահամյանին-

Ինպես հայտնի է, օրերս ՀՀ Կենտրոնական բանկը, միգուցե ի զարմանս շատերի, որոշում էր կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0,5%-ով նվազեցման մասին, իսկ դրանից առաջ էլ նվազեցրել էր բանկերին ներկայացվող պարտադիր պահուստավորման նորմատիվը մի ամբողջ 2%-ով։

Նրանց, ովքեր տնտեսագիտությանն այնքան էլ մոտ չեն կանգնած, ասենք, որ ԿԲ այս քայլերը հանգեցնելու են երկրում վարկային տոկոսադրույքների նվազեցմանը, տնտեսվարողների կողմից ավելի մեծ ծավալների ու շատ ավելի էժան վարկերի ներգրավմանը, ինչը, բնականաբար, էապես կաշխուժացնի երկրի տնտեսությունը՝ նախադրյալներ ստեղծելով լճացումից երկիրը դուրս բերելու համար:

Բայց տեղի ունեցածում ամենահետաքրքրականը ոչ միայն ԿԲ որոշման արդյունքում ակնկալվող դրական էֆեկտին վերաբերող մտորումներն ու ակնկալիքներն են, սպասվող արդյունքները, այլև` այս ամենի հիմքուն ընկած քաղաքական ենթատեքստի էությունը:

Իսկ այն, որ տեղի ունեցածում քաղաքական ենթատեքստ չտեսնել պարզապես չի կարելի, անվիճելի է, քանի որ նախկինում Հովիկ Աբրահամյանի կառավարաությունը ևս համապատասխան խնդրանքով դիմել էր Կենտրոնական բանկին, բայց մերժում ստացել. այն ժամանակ Կենտրոնական բանկի ղեկավարությունը պատճառաբանել էր, թե վստահություն չունեն: Եվ ուրեմն՝ ի՞նչ կարող է սա նշանակել…

Իսկ նշանակել կարող է շատ բան: Նախ՝ այն, որ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն պարզ իրողությունը, որ Հայաստանում գրեթե ամեն ինչ գերքաղաքականացված է՝ տնտեսությունից մինչև անձնական հարաբերություններ: Առնվազը կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ ԿԲ որոշումն ուղղակիորեն պայմանավորված է նախագահականից եկող հրահանգով, որի բուն նպատակը Կարապետյանի կառավարության համար հնարավորինս բարենպաստ միջավայր ստեղծելն է, հիմքեր նախապատրաստելը՝ տնտեսական աշխուժացման համար:

Բայց այս ամենը մի բնական հարց է առաջացնում՝ եթե դա սկզբունքորեն հնարավոր էր անել դեռ նախքան Կարապետյանը, ապա ինչո՞ւ չէր արվում, մի՞թե, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք հայաստանյան տնտեսության լճացման անխուսափելի դարձած պրոցեսը միանգամայն արհեստածին էր, և եթե այո, ապա ինչո՞ւ…

Իսկ «ինչու»-ի պատասխանը, կարծում ենք, առավել քան ակնհայտ է. եթե ԿԲ-ն ժամանակին ընդառաջեր Հովիկ Աբրահամյանին ու վերաֆինանսավորման սկզբունքները վերանայեր դեռևս Աբրահամյանի կառավարության օրոք, ապա ակամա ստեղծելու էր բարենպաստ աշխատանքային միջավայր մեկի համար, ով Սերժ Սարգսյանի կողմից ավելի շատ դիտարկվում էր որպես քաղաքական կոնկուրենտ, քան՝ գործընկեր, իսկ ուժեղացնել քաղաքական օպոնենտին ու վարկանիշ հաղորդել նրան Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չէր կարող, քանի որ չէր կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած էր: Այլ կերպ ասած՝ հայաստանյան տնտեսության առողջացման վաղաժամ պրոցեսը հակասում էր նախագահի քաղաքական նպատակներին՝ստեղծելով իրական վտանգ Հովիկ Աբրահամյանի կողմից.Աբրահամյանի կառավարության ձախողումն ու ֆիասկոն ի սկզբանե մտնում էր Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների մեջ, ինչն էլ, պետք է ասել, բարեհաջող կերպով ի կատար ածվեց:

Իսկ ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հնարավոր ձեռքբերումներին ու հաջողություններին, պետք է ընդգծենք, որ նախընտրական այս փուլում, երբ ամիսներ են մնացել մինչև նոր ընտրություններ, Սերժ Սարգսյանը կարող է միայն շահագրգիռ լինել Կարապետյանի ձեռքբերումներով՝ ընկալելով դրանք որպես սեփական կուսակցության հաղթանակին ի նպաստ գնացող դիվիդենտներ, որ մեղմելու են «տոկոս խփելու» խնդիրն ու նպաստելու են իշխանությունների վարկանիշի մեծացմանը:

Հարցը, թե որքանով են շարունակական լինելու Կարապետյանի նախաձեռնած բարեփոխումները, մնում է օդում կախված ու դեռևս իր պատասխանին սպասելիս, քանի որ 17-18-ից հետո, երբ երկրում կրկին իրավիճակ կփոխվի՝ պայմանավորված նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելով, այդ բարեփոխումների շարունակականության կարիքը կարող է և այլևս չլինել, ու հանրությունը կրկին կանգնի կոտրած տաշտակի առաջ, ուստի՝ բոլոր հարցերի պատասխանը կարող է ցույց տալ միայն ժամանակը. լցվենք համբերությամբ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*