Ադրբեջանը նահանջում է. Նոր էֆեկտ Հայաստանի համար-

Ադրբեջանը 2017 թվականի համար 5 անգամ կրճատելու է ռազմական բյուջեն` 5 միլիարդ դոլարից հասցնելով 1 միլիարդի: Դա տեղի է ունենում նավթի գնանկման հետեւանքով, որի պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է բարդ իրավիճակում:

Դա նավթի գնանկման գործընթացի եւս մի կարեւոր էֆեկտ է, որ զգում է Հայաստանը: Մյուս կարեւոր էֆեկտը այն է, որ նավթի գնանկումը բավական դժվար կացության է բերել Ռուսաստանին: Իհարկե, դա Հայաստանի վրա անդրադարձել է նրանով, որ նվազել են այդ երկրից Հայաստան եկող տրանսֆերտները, թուլացնելով նաեւ Հայաստանի տնտեսությունը:

Բայց այդ տրանսֆերտները Հայաստանի տնտեսությունը խոշոր հաշվով չեն էլ ուժեղացրել: Դրանք ուժեղացրել են Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգը, որը 2000-ականների կեսերին որոշեց գրեթե կրկնակի կողոպտել տրանսֆերտ ստացող քաղաքացիներին: Այդ ժամանակ կայացվեց դրամը կտրուկ արժեւորելու որոշում, ինչի հետեւանքով մեկ դոլարը մոտավորապես 560-580 դրամից էժանացավ մինչեւ մոտ 300 դրամ:

Այդպիսով, առավելապես ներմուծման եւ իրացման վրա հարստացող Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգը փաստացի վերցրեց տրանսֆերտ ստացող քաղաքացիների փողի կեսը, հարվածեց տեղական արտադրությանը, ապահովեց ներմուծողների գերշահույթները, իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով պարզապես ծակվեց փուչիկի նման:

Պարզ դարձավ, որ տրանսֆերտները Հայաստանի տնտեսության ամրությանը բացարձակապես չեն նպաստել, եւ Հայաստանի տնտեսությունը իրականում ոչ թե «թռչող վագր» է եղել` ինչպես բնորոշում էր ժամանակի արտգործնախարարը, այլ փչովի խաղալիք վագր, որը ոչ թե թռչում էր, այլ որին իշխող համակարգն էր պարզապես գերշահութաբեր ուրախությունից օդ թռցնում:

Այնպես որ, նավթի գնանկման հետեւանքով տրանսֆերտների նվազումից ոչ թե Հայաստանի տնտեսությունն է թուլացել, այլ Ռուսաստանի հետ միասին թուլացել է Հայաստանի քրեա-օլիգարխիան, ստիպված կանգնելով այլ ելք գտնելու անհրաժեշտության առաջ եւ գնալով համակարգային անխուսափելի վերափոխումների գործընթացի, իհարկե ներհամակարգային մեծ դիմակայության պայմաններում:

Դրա համակարգային հեռահար էֆեկտը երաշխավորված չէ, հատկապես որ հանրությունը չի կարողացել զարգացնել իր սուբյեկտությունն ապահովող քաղաքացիական-քաղաքական ինստիտուտներ եւ ներկայում գտնվում է առավելապես այդ գործընթացի դիտորդի դերում: Այդուհանդերձ, համակարգային վերափոխումների այդ փուլը գոնե պարունակում է նոր իրողության հեռանկար եւ քրեա-օլիգարխիային դրել է ապամոնտաժման անխուսափելիության առաջ` նաեւ աշխարհքաղաքական իրողությունների եւ մասնավորապես գլխավոր հովանավոր Ռուսաստանի թուլացման պատճառով:

Ընդ որում, երկու էֆեկտները ինչ որ իմաստով նաեւ շաղկապված են միմյանց: Բանն այն է, որ Բաքուն հասկացավ, նաեւ ապրիլի պատերազմից հետո, որ Ռուսաստանի հետ կազմվող տարածաշրջանային ծրագրերը, այդ թվում Արցախի հարցում որոշակի ձեռքբերումներ ակնկալելը, անիրականանալի է` Մոսկվան բավարար հնարավորություններ չունի անհրաժեշտ միկրոմիջավայր ապահովելու համար: Այդպիսով ստացվել է, որ Բաքուն միլիարդավոր դոլարների սպառազինություն է ձեռք բերում Ռուսաստանից, նպաստում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի որոշակի եկամտաբերությանը, բայց չի կարողանում բավարար չափով ստանալ սպառազինության քաղաքական ապահովագրություն, եւ ձեռք բերածի արդյունավետությունը կտրուկ նվազում է, ինչի դրսեւորումը ապրիլի պատերազմն էր:

Մոսկվան գերզինել էր Ադրբեջանին, սակայն չէր կարողացել ապահովել Հայաստանի ռազմա-քաղաքական գերթուլություն, չնայած 2012-13 թվականից էական ջանքեր էր գործադրել դրա համար` թե իշխանության, թե չիշխանության ուժերի մասնակցությամբ:

Այդ իրավիճակում Բաքվին այլ բան չի մնում, քան իզուր միլիարդներ չծախսել սպառազինության վրա, քանի որ դրա ՕԳԳ-ն չի կարող բարձր լինել, որովհետեւ բարձր չէ ՌԴ տարածաշրջանային քաղաքականության ներուժը:

Ավելին, ապրիլից հետո Ռուսաստանի այդ քաղաքականությունը հայտնվել է փակուղում, այնպիսի, որ Մոսկվան ստիպված հիշեց Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորության մասին: Իսկ այդ մասին Ռուսաստանը հիշում է, երբ լինում է շատ նեղ, անկյուն քշված վիճակում:

Դրանից հետո Բաքվին չի մնում այլ բան, քան պարզապես ռազմական բյուջեն նվազեցնել 5 անգամ, առավել եւս, որ չկա նավթադոլարների «ոսկեբեր երակը», իսկ Ալիեւն ունի իշխանության խնդիր:

Այդ ամենը աշխարհքաղաքական զարգացումների տրամաբանության որոշակի փաթեթային էֆեկտն է Հայաստանի համար, որը ստեղծել է պետական թե ներքին, թե արտաքին քաղաքականության էական վերանայումների նոր հնարավորություն: Միաժամանակ, այդ իրավիճակը այդ տեսանկյունից լիովին նոր հնարավորություններ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքի մյուս սուբյեկտների համար, հնարավորություն տալով նոր կշիռ հաղորդել սեփական քաղաքական գործունեությանը:

Խոշոր հաշվով, այստեղ է Հայաստանի իշխանությունը երկարաժամկետ հեռակարում` տնտեսական զարգացման եւ անվտանգության բանաձեւերով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*