Հերմինե Նաղդալյանի ցնցող խոստովանությունը-

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Լեհաստանում մասնակցել է «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի, որում հանդես է եկել ելույթով: Իր ելույթում Հայաստանի ԱԺ փոխնախագահը անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին, հայտարարելով, որ Արցախը Եվրոպա է, Արցախի ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս, ու շատ կարեւոր է Եվրոպայի դերն Արցախի անվտանգության հարցում:Նաղդալյանը հայտարարել է նաեւ, թե «Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, և Եվրամիությունը կարող է օգնել իրականացնել դրանք», հայտարարել է Նաղդալյանը:Այնպիսի տպավորություն է, որ Հերմինե Նաղդալյանն ու նրա կուսակցությունը արդարացրել է արցախցիների, եւ ընդհանրապես ամբողջ Հայաստանի հասարակության սպասելիքները իրենցից, ու մնացել է, որ Եվրամիությունն էլ արդարացնի իրենից ունեցած սպասելիքները:Ժողովրդավարության, մարդու իրավունքի պաշտպանության, ազատության եւ անկախության հարցում արցախցիների եւ ընդհանրապես հայաստանցիների միջազգային հանրությունից ունեցած որեւէ ակնկալիքի մասին միջազգային որեւէ ամբիոնում խոսելուց առաջ, Հայաստանի որեւէ պաշտոնյա նախ եւ առաջ պետք է պատասխան տա իր եւ իր ներկայացրած քաղաքական ուժից եղած «սպասելիքների» իրականացման համար: Եվ միայն այդ պատասխանի հանրային բավարար գնահատականից հետո այդ պաշտոնյան բարոյական իրավունք պետք է ունենա խոսել Եվրամիությունից եւ այլ եվրատլանտյան կառույցներից Արցախի եւ Հայաստանի հասարակության սպասելիքների եւ դրանց արդարացման անհրաժեշտության մասին:Միեւնույն ժամանակ, Եվրամիությունից ունեցած սպասելիքների մասին խոսելու բարոյական իրավունք կարող է ունենալ այն պաշտոնյան, որը կես բառ անգամ խոսել է Հայաստանը Եվրասիական ռուս-թյուրքական միություն խցկելու դեմ, որի հետեւանքը եղավ տարեցտարի Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվությունն ու Արցախի հանդեպ ապրիլյան պատերազմը:Հերմինե Նաղդալյանը, կամ նրա որեւէ ՀՀԿ-ական կուսակից, ոչ միայն կես բառ անգամ չի խոսել ԵՏՄ բռնակցման դեմ, այլ քվեարկել է դրա օգտին եւ ըստ այդմ ուղիղ պատասխանատվություն է կրում Ադրբեջանի սանձարձակությունը խթանելու համար, քանի որ դա խթանվել է ԵՏՄ կոչվող կառույցի ուղիղ մասնակցությամբ: Ըստ այդմ, Հերմինե Նաղդալյանը կարող է գնալ եւ խոսել միայն ԵՏՄ պարտավորություններից եւ ԵՏՄ-ից ունեցած սպասելիքներից: Թեեւ ԵՏՄ-ն իհարկե նրանց սպասելիքներն արդարացրել է, քանի որ դրանք որեւէ առնչություն չեն ունեցել հանրությանը կամ պետությանը, այլ ընդամենն առնչվել են անձնական եւ կուսակցական իշխանությանն ու հարստությանը:

Թեեւ, ԵՏՄ-ն ներկայում այդ հարցում կարծեք թե լքում է Հայաստանի իշխանությանը: Հավանաբար այդ լքյալության կարգավիճակի հեռանկարն է պատճառը, որ Հերմինե Նաղդալյանին գործուղել են Լեհաստան, որպեսզի խոսի Արցախի եվրոպականության եւ Եվրամիությունից սպասելիքների մասին:Եվրամիությունը պետք է արդարացնի իրենից սպասելիքները, իսկ Հերմինե Նաղդալյանից էլ, օրինակ, երեւի հասնում է միայն տարեկան պետական բյուջեից մոտ կես միլիարդ փող ստանալ իր սեփականությունը հանդիսացող կազմակերպության համար՝ Սիսիանի ճանապարհ նորոգելու համար: Եվ ընդհանրապես, Հայաստանի իշխող «էլիտան» էլ շարունակի հանրային եւ պետական ռեսուրսների, պետության անվտանգության եւ պաշտպանունակության, տնտեսության եւ հանրային կյանքի արդիականացման հեռանկարի հաշվին ապահովվող ճոխ կյանքը:Մյուս կողմից, Նաղդալյանի ելույթում կա իհարկե Հայաստանի իշխանության նաեւ խոստովանությունը: Խոստովանություն առ այն, որ անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքի, ազատության եւ անկախության հեռանկարի հարցում արցախցիները, եւ ընդհանրապես հայաստանցիները որեւէ սպասելիք չունեն իշխանությունից, եւ սպասելիքը Եվրամիությունից է:Պարզապես, դա վաղուց պարզ եւ աղաղակող ճշմարտություն է, եւ կարիք չկա, որպեսզի Հերմինե Նաղդալյանը կամ որեւէ մեկը պետական բյուջեի միջոցների հաշվին գործուղվի որեւէ եվրոպական երկիր եւ այդօրինակ ելույթներ ունենա: Դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ եվրատլանտյան հանրությունը բարեբախտաբար շատ ավելի համարժեք է պատկերացնում տարածաշրջանային իրողությունները, այլապես դրանք վաղուց կհամապատասխանեին այն պատկերացումներին, որոնք կան եվրասիա-ռուս-թյուրքական դաշինքում:

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*