Ահա թե ինչը ստիպեց Մոսկվային՝ կատարել իր պարտավորությունը-

Ceremonial parade on the occasion of the 25th anniversary of Armenia's Independence took place on Republic Square in Yerevan, Armenia

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը երբեք խախտված չի եղել, քանի որ եթե խախտված լիներ, Ադրբեջանը մեկ օր անգամ չէր հապաղի լայնամասշտաբ պատերազմ սկսելու հարցում:Հայաստանի պաշտպանության նախարարությունը ինչ որ ժամանակ ղեկավարած գեներալի հայտարարությունից հետո հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ արեց Ադրբեջանն ապրիլին:Հարությունյանն այդ կապակցությամբ էլ ինչ որ բան է ասել, թե Ադրբեջանը չուներ Արցախը վերցնելու նպատակ, նրա նպատակն ապրիլին ընդամենը մի քանի բնակավայր վերցնելն էր, որպեսզի հետո միջնորդներից պահանջեր կարգավորման իր համար շահավետ տարբերակ:

Ի դեպ, միայն Հարությունյանը չէ իհարկե, որ ապրիլին տեղի ունեցածը չի որակում պատերազմ: Օրինակ, կային նաեւ քաղաքագետներ, որոնք ապրիլի քառօրյա պատերազմը համարում են ընդամենը հրադադարի խախտման խոշոր միջադեպ:Այդ դիրքորոշումները հասկանալի է: Միայն այդօրինակ բնութագրությամբ է հնարավոր արդարացնել մինչեւ ապրիլն ու ապրիլի այդ օրերին Ռուսաստանի պահվածքը: Որովհետեւ, եթե ապրիլը որակվում է պատերազմ, ստացվում է, որ Ռուսաստանն այդ պատերազմի ընթացքում չի եղել Հայաստանի կողքին, ինչը պարտավոր է որպես «դաշնակից»: Հետեւաբար, Ադրբեջանի պլանն ու քայլերը չպետք է որակել պատերազմ, որպեսզի արդարացվի Հայաստանի դեմ Ռուսաստանի կեցվածքը:

Դրա համար էլ Ռուսաստանի հայաստանյան «փաստաբանները» ամեն ինչ անում են ապրիլի պատերազմը ոչ պատերազմ ներկայացնելու համար:

Իսկ ի՞նչ էր ապրիլը, եթե ոչ պատերազմ, եթե ոչ հավասարակշռության խախտման հետեւանք, որ տեղի էր ունեցել Ռուսաստանի գործուն աջակցությամբ՝ թե ռազմա-քաղաքական, թե ռազմա-տեխնիկական: Իսկ ինչպե՞ս է սկսում լայնամասշտաբ պատերազմը: Ադրբեջանը պետք է միանգամից Սմերչի համազարկերով Երեւանին կամ Ստեփանակերտի՞ն խփեր, որ Վաղարշակ Հարությունյանն ու ռուսաստանյան քաղաքականության «ապոլոգետները» դա համարեին լայնամասշտաբ պատերազմի նախաձեռնություն:

Սիրիայում այժմ լայնամասշտաբ պատերա՞զմ է: Իսկ ի՞նչ մասշտաբներից է դա սկսվել:

Ռուսաստանի նախաապրիլյան եւ ապրիլյան գործողություններն արդարացնելու այդ մղումը լավագույն վկայությունն է, որ հավասարակշռությունը խախտվել էր: Եվ Ադրբեջանը հենց դրա համար էլ սկսեց պատերազմը: Որովհետեւ, օրինակ, հարց է առաջանում, թե ինչու՞ մինչեւ ապրիլ Հայաստանում չէին այն զինատեսակները, որոնք ցուցադրվում են սեպտեմբերին:

Մինչդեռ, ծանրակշիռ հիմքեր կան եզրակացնելու, որ Հայաստանում սպասում էին դրանք մինչեւ ապրիլ: Հակառակ դեպքում, հավասարակշռությունը խախտված չլինելու դեպքում Հովիկ Աբրահամյանը դանակի սպառնալիքի տակ անգամ ապրիլի 7-ին Մեդվեդեւին չէր հորդորի արագացնել սպառազինության մատակարարումը: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը նույն սպառնալիքի տակ անգամ Լավրովին չէր հարցնի, թե ինչու՞ այդպես եղավ, դրանով իսկ ցույց տալով, որ Ռուսաստանն ինչ որ հավաստիացումներ է արել, բայց չի ապահովել դրանք իրականում:Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին չէր մեկնի Գերմանիա եւ Մերկելի կողքին ի լուր աշխարհի հայտարարեր, որ մենք իհարկե հզոր հովանավորներ չունենք, բայց ունենք ուժեղ ոգի, որ թեեւ մեր զենքը 80-ականների է, բայց ուժեղ է ոգին: Սերժ Սարգսյանը Գերմանիայում պատահական չէր խոսում 80-ականների զենքի եւ հզոր հովանավորների բացակայության մասին, ակնարկելով, որ Ռուսաստանը չի ապահովել Հայաստանի սպառազինության արդիականությունն ու իր «դաշնակցային պարտավորությունը»:

Ադրբեջանը ապրիլին գրոհեց Արցախը, որովհետեւ համոզված էր, որ ունի սպառազինության ահռելի գերակշռություն: Ժամացույցի ճշգրտությամբ ստացել էր իր սպառազինությունը Ռուսաստանից, ու ստացել էր նաեւ տեղեկություն՝ որ Հայաստանն արդիական սպառազինությունը չի ստացել:Ռուսաստանը հավասարակշռությունը խախտել էր, որպեսզի Ադրբեջանն արագորեն վերցնի տարածքներ եւ ստիպի Հայաստանին դիմել Ռուսաստանի օգնությանը: Պարզապես, Ռուսաստանը սխալվել էր մի հարցում՝ Հայաստանում հասարակական պոտենցիալի հավասարակշռության հարցում:

Ռուսական քաղաքականության հայտնի ու անհայտ «ապոլոգետները» Մոսկվային թերեւս համոզել էին, որ Հայաստանի հասարակությունը հասցվել է անվստահության, թերարժեքության բարձրակետին եւ լիովին պատրաստ է օգնություն աղերսել Ռուսաստանից: Պարզվեց, որ այդպես չէր: Հայաստանի հանրությունը ոչ թե խուճապի մատնվեց, այլ ակնթարթորեն համախմբվեց զինվորի ու սպայի շուրջ, էապես փոխելով իրավիճակը, տապալելով Ադրբեջանի պլանը:

Իրավիճակը լայնամասշտաբ պատերազմի չհասավ այն պատճառով, որ դա արդեն Ռուսաստանին էլ ձեռնտու չէ: Որովհետեւ այդ դեպքում Մոսկվան կամ պետք է օգնի Հայաստանին հաղթել այդ պատերազմը, կամ պետք է կանգնի Հայաստանն ու Կովկասը կորցնելու հեռանկարի առաջ: Այդ պատճառով է, որ ապրիլյան պատերազմական պլանը ենթադրում էր բլից-կրիգ, եւ երբ արդեն պարզ էր, որ դա չստացվեց, Ռուսաստանն անմիջապես հաստատեց հրադադար, արդեն ինքզինքը փրկելու համար:

Եվ հենց դրա համար է նաեւ, որ ապրիլից հետո կատարվել են որոշ մատակարարումներ, քանի որ դրանք արդեն ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին են պետք ՝ ինքզինքը փրկելու համար:Հայկական զինուժը եւ հասարակությունն ապրիլին տապալելով պատերազմական պլանը, ստիպեցին վերականգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, այդ թվում Հայաստանին սպառազինության մատակարարման առումով: Բայց ոչ միայն դա: Փաստացի, հայկական զինուժի եւ հանրության համախմբված ապրիլյան գործողությունը Մոսկվային ստիպեց նաեւ կանգնել Հայաստանի հանդեպ իր քաղաքականության վերանայման անհրաժեշտության առաջ:

Այդ իրավիճակը կարող էր փոխվել հուլիսյան դեպքերի ընթացքում, սակայն Մոսկվային չհաջողվեց դրանք հասցնել արյունահեղության: Փաստացի դրանից հետո Ռուսաստանի իշխող վերնախավում Հայաստանի հանդեպ մոտեցումների վերանայման գործընթացը ձեռք բերեց առարկայական բնույթ, թեեւ այն դեռեւս հեռու է ռազմավարությունից: Բայց արդեն իսկ արտահայտվում է Հայաստանի իշխող համակարգում աշխուժացած եւ զգալի դինամիկա ստացած վերափոխումների խորապատկերում:

Այդ համապատկերում զարմանալի չէ առաջին իսկ առիթով դիրքերը եւ ծառայությունները վերականգնելու «ապոլոգետների» ջանքը: Պարզապես դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում, չունի հեռանկար, արդեն ըստ երեւույթին նաեւ Մոսկվայում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*