Շարմազանով. Մոսկվայում նախագահի ուղիղ ուղերձն այն էր, որ հարցը չի կարող լուծվել առանց Ղարաբաղի մասնակության-

Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահն ուղիղ ուղերձ է հղել, որ հարցը չի կարող լուծվել առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, իշխող Հանարապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանը մի շարք կարեւոր ուղերձներ է հղել: «Ուղերձ առաջին՝ Ադրբեջանն աղավաղում է Ղարաբաղի խնդրի էությունը: Խնդրի էությունը ոչ թե հետեւանքների վերացումն է՝ փախստականների եւ այլ հարցեր, այլ թիվ մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է: Այսինքն՝ եթե ցանկանում ենք ստատուս քվոյի փոփոխություն, եթե տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն ենք ուզում, առաջին հերթին Ադրբեջանը, ինչպես նաեւ միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է իր ճակատագիրը որոշի, ուրիշ ճանապարհ չկա»,- ընդգծել է Շարմազանովը:

Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, շարունակել է նա, որը բանակցային սեղանին մի բան է ասում, իսկ Բաքվում՝ միանգամայն այլ բան, Հայաստանի նախագահը եւ Երեւանում, եւ Մոսկվայում նույն մտքերն է հայտնել. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իր ճակատագիրն ինքը որոշի, պետք է հանրաքվե անցկացվի, եւ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«1988 թվականին մեր ժողովուրդը փողոցներ է դուրս եկել հանուն այդ արդարացի պայքարի: Եվ Հայաստանի նախագահը Մոսկվայում ցույց տվեց, որ երկրի իշխանությունները ամեն հնարավոր բան անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի արդարացի պայքարը հաջողությամբ պսակվի»,- ասել է Շարմազանովը:

Հայաստանի նախագահի երկրորդ նուրբ ուղերձը, նրա համոզմամբ, նույնպես ուղղված էր Ադրբեջանի նախագահին, քանի որ նա Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո աղավաղել է բանակցությունների էությունը՝ «մոռանալով», որ պետք է վստահության մեխանիզմներ տեղադրվեն: «Նախագահը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն: Նա ընդգծել է, որ 1994-ի հրադադարի համաձայնագիրը եռակողմ էր: Եթե հիմք ենք ընդունում զինադադարի պայմանագիրը, ապա առաջին կետը կնքված պայմանագրի ձեւաչափի մասին է, որն այսօրվա դրությամբ խախտված է: Այսինքն՝ եթե խոսում ենք զինադադարի մասին, պետք է հիշենք, որ զինադադարը կնքել են Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը»,- ընդգծել է խորհրդարանի փոխնախագահը՝ հավելելով, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամությամբ հայկական կողմը նաեւ ցույց է տվել, որ միջազգային հանրության համար հուսալի գործընկեր է:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*