ԿԱՐևՈՐ. Կանգնել ենք ամենավտանգավոր կետում. Հայաստանի թիկունքում ինչ-որ ծրագիր էր հասունանում-

Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական  ներկայացուցիչ  Մարիա Զախարովան  հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն զիջի առաջնորդությունը Ղարաբաղի հարցում, ապա դա իսկական առաջխաղացում կլինի:  Ձեր կարծիքով, ի՞նչ ունենք այսօր ԼՂ խնդրի կարգավորման հարցում։

Կարծում եմ՝ տիկին Զախարովան կոկետություն է արել, որովհետև առայժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ղեկը գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Այդ մասին են վկայում այն հանգամանքները, որ երկու երկրների հետ վերջին հանդիպումները Ռուսաստանն է անցկացրել, առաջարկները Ռուսաստանն է ներկայացրել, անգամ երևի թե առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համաձայնեցնելու կամ քննարկելու։ Այնպես որ, այսօր Ռուսաստանն ունի խնդրի լուծման ամենամեծ հնարավորությունները, այլ հարց է, որ  միգուցե տվյալ պահին իրենց ձեռնտու չէ հարցը տանել մինչև կարգավորման ավելի բարձր մակարդակ։Ռուսաստանը ամբողջովին տիրապետում է իրավիճակին, մանավանդ որ Զախարովան այդ մասին ասել էր Սիրիայում իրավիճակը սրվելուց առաջ, այսինքն Ռուսաստանը դեռևս դիվանագիտական և այլ ռեսուրսներ չէր տեղափոխել սիրիական ճակատ։

Ի՞նչ իրավիճակ է ռուս-թուրքական հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում հնչում են տեսակետներ, որ դեռ վաղ է երկու երկրների միջև տեղի ունեցողը մերձեցում գնահատել։ Այդ հարաբերությունները, Ձեր կարծիքով, որ փուլում են։

Իրականում դա մերձեցում է, պարզապես, այսպես ասած, սիրահարվածության պահն անցավ, երբ գլխակորույս իրար գիրկ էին նետվում։ Հիմա կողմերն իրավիճակը մի փոքր ավելի իրատեսական ու ռացիոնալ են գնահատում։ Այդուհանդերձ, երկու կարևորագույն խնդիր կա, որոնց շուրջ Ռուսաստանն ու Թուրքիան ռազմավարորեն ունեն տարբեր կարծիքներ։ Խոսքը վերաբերում է քրդական հարցին, որտեղ ռուսները, ենթադրվում է, որ պետք է օժանդակեն քրդերին, իսկ թուրքերը քրդերին, այդ թվում Սիրիայի քրդերին համարում են Թուրքիայի համար ազգային անվտանգության կարևորագույն սպառնալիք։ Երկրորդն Ասադն է. Ռուսաստանն ակնհայտորեն օժանդակում է Ասադին, իսկ Թուրքիայի համար Ասադին օժանդակելը կնշանակի հարաբերությունների լրջագույն վատթարացում ամբողջ մահմեդական աշխարհի հետ։

Հայաստանը ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է կարողանում արձագանքել՝ հաշվի առնելով, որ վերջին ամսիներին կարծես թե ՀՀ իշխանությունը հարկադիր պարապուրդի մեջ էր, այդ թվում ԼՂ հարցում։

Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցողներն այնքան բարի կամ ռեալ գտնվեցին, որ «Սասնա ծռերի» հետ կապված ճգնաժամի ընթացքում Հայաստանին թողեցին, որ իր ներքին խնդիրները լուծի։ Այս առումով, իհարկե, առերեւույթ կարծես, խնդիրը նույն մակարդակի վրա է, որի վրա կանգ էին առել։ Այսինքն՝ կան առաջարկներ, կան տարածքները հանձնելու հետ կապված առաջարկներ։ Արդեն հասկանալի է՝ ինչ տարածքների մասին է խոսվում, ու անհասկանալի է, թե դրա դիմաց Հայաստանն ինչ է ստանալու։ Այս հանգամանքները հաշվի առնելով, չենք կարող ասել, որ լուրջ կոնկրետություն ունենք, հասարակությունը չգիտի, թե ինչ առաջարկներ են դրված բանակցային սեղանին։ Համենայնդեպս մեր իշխանություններն այլևս չեն խուսափում խոսել տարածքային զիջումների մասին, իշխանություններն ասում են, որ տարածքային զիջումները չպետք է միակողմանի լինեն, բայց չեն ասում, որ զիջումները պետք է լինեն համարժեք։ Կարծեք թե այդ համարժեքության բանալին, կոդը դեռևս գտնված չէ։

Այսինքն՝ այն, որ պետք է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ճանաչվի, նրա անկախությունը պետք է ճնաչվի, մղվում է երկրորդ պլա՞ն։

Ամբողջ հարցն այն է, որ բանակցային գործընթացի 20 և ավելի տարիների ընթացքում մենք հեռացել ենք խնդրի առարկայից, այսինքն՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից, և ավելի շատ կենտրոնացել ենք հետևանքների վրա՝ տարածքների վերադարձ, զինադադար, փախստականների վերադարձ։ Քանի դեռ այս խնդիրներից չենք վերադարձել ինքնորոշման իրավունքի հարցին, դա չի կարելի համարել ԼՂ խնդրի ամբողջական կարգավորում։ Մյուս կողմից, ինքնորոշման իրավունք ասելով, հիմա կարծես թե կարգավիճակի հետ կապված կիսատ-պռատ առաջարկներ կան։ Ինքնորոշման իրավունքն այն է, որ ԼՂ ժողովուրդն ինքը որոշի, թե ինչպիսի կարգավիճակում է ուզում ապրել։ Սրա փոխարեն հիմա մատուցվում է սահմանափակ ինքնավարության կամ այլ տարբերակներ։

Մի կողմից ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան է հադես գալիս ծավալուն հոդվածով, մյուս կողմից չեն դադարում «Լավրովի պլանի» մասին խոսակցությունները։ Ինչու ունենք այսօր, որքանով են կենսունակ այդ պլանի դրույթները։

Ես, անկեղծ ասած, մեծ արժեք չէի վերագրի Բրայզայի հոդվածներին, որովհետև նա հիմա բավականաչափ հեռու է ԼՂ կարգավորումից՝ գոնե վերջին մի քանի տարիներին, և նրա կարծիքը որևէ կերպ չի կարելի համարել ամերիկյան դիվանագիտական շրջանակների կարծիք։ Նա պարզապես չի մասնակցում այդ գործընթացներին։ Ինչ վերաբերում է «Լավրովի պլանին», այն ռուսական կողմից առաջարկվող բազմաթիվ անգամ ներկայացված առաջարկների երևի ինչ-որ տարբերակն է։ Այն նշանակում է վերադարձվող տարածքների սահմանների ճշգրտում և ժամկետների ճշգրտում։ Նման բաներ կան, որոնց մասին բազմիցս խոսվել է։ Այն կետը, որտեղ մենք կանգնեցինք «Սասնա ծռերի» պատճառով, Հայաստանի համար բավական սարսափելի կետ էր, նույն «Լավրովի պլանի» հետ կապված։ Այսինքն երբ Լավրովը, ապա Պուտինը Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարեցին, որ իրենք չափազանց մոտ են խնդրի լուծմանը, և դա այն պարագայում, որ դա կարծես չէր էլ քննարկվել ՀՀ նախագահի հետ։ Այսինքն նշանակում էր, որ Հայաստանի թիկունքում ինչ-որ մի ծրագիր, պլան էր հասունանում, որը երևի հենց «Լավրովի պլանն» էր։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*