Ռուս–թուրքական բարեկամությո՞ւն, թե՞ անձնական շահերի նախապատվություն-

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների նոր փուլ է սկսվում՝ խարիսխված երկկողմ տհաճ միջադեպերի վրա։ Այդ հարաբերությունները քաղաքական նոր փոփոխություններ են ենթադրում տարածաշրջանում, ինչին ուշադիր հետեւում են Արեւմուտքում։  Ռուսական օդանավը խոցելուց 9 ամիս անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ռուս–թուրքական նոր հարաբերությունների սկիզբը կարելի է համարել։

Վերջին մի քանի տարիներին ռուս–թուրքական հարաբերությունները կապված սիրիական խնդրի հետ գնալով լարվում էին եւ գագաթնակետը դարձավ 2015–ի նոյեմբերի 24–ը, երբ թուրքական F-16 օդանավերը խոցեցին Սիրիայում մարտական առաջադրանք իրականացնող ռուսական  օդանավը։ Ռուսական կողմն անմիջապես գործի դրեց պատժամիջոցներ Թուրքիայի դեմ տարբեր ոլորտներում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությունն ավելի էր սրում լարվածությունը։

Սակայն Եվրոպայի ու ԱՄՆ–ի վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ, ինչպես նաեւ ռուսական պատժամիջոցների հետեւանքով Թուրքիայում տնտեսության շարժիչ ուժի՝ տուրիզմի ոլորտի խորտակումը ստիպեցին Էրդողանին կտրուկ փոխել ՌԴ–ի դեմ որդեգրած կոշտ քաղաքականությունը եւ մերձեցման քայլեր ձեռնարկել։ Վլադիմիր Պուտինին գրված եւ քննարկումների առիթ դարձած «ներողության» նամակը հնարավորություն տվեց կողմերին սկսել հաշտեցման գործընթացը, իսկ հուլիսի 15–ին իրականացված հեղաշրջման փորձը արագացրեց այդ գործընթացը։

Պուտին–Էրդողան հանդիպումը փաստեց, որ կողմերը պատրաստ են վերադառնալ մինչճգնաժամյան վիճակին, սակայն սա դեռ չի նշանակում, որ Թուրքիան ու Ռուսաստանը բարեկամներ են դառնում կամ դաշնակիցներ։

Թուրքիան ՆԱՏՕ–ի դաշնակիցն է եւ Թուրքիայում գտնվող միջուկային մարտագլխիկների հիմնական թիրախը հենց ՌԴ–ն է։ Այս փաստը ՌԴ–ի իշխանությունները լավ հասկանում են։ Սիրիայում ՌԴ–ի քաղաքականությունը չի փոխվել, սակայն չի փոխվել նաեւ Թուրքիայի մոտեցումը  Սիրիայում ահաբեկչական կառույցներին աջակցելու հարցում։ Երկու երկրները լուրջ հակասության մեջ են նաեւ Ղրիմի հարցով։ Թուրքիան Ղրիմի թաթարներին հրահրում է ՌԴ–ի դեմ եւ Ղրիմի հարցով մշտապես ՌԴ–ի դեմ հայտարարություններով է հանդես գալիս։ Այսինքն, չնայած տնտեսական եւ աշխարհաքաղաքական նեղ շահերով պայմանավորված մերձեցմանը, երկու կողմերը գտնվում են հակառակ ճամբարներում եւ առանցքային խնդիրների շուրջ լրիվ հակառակ կարծիքներ ունեն։ Այս փաստը ենթադրում է, որ նոր ռուս–թուրքական հարաբերություններում անդորն ու «բարեկամությունը» փխրուն են։

Թուրքիայի նախագահի հարցում ՌԴ–ի հետ մերձեցման գնալու պատճառները հայտնի են, իսկ Ռուսաստանի՞նը։  ՌԴ նախագահը, իհարկե, չի մոռացել, որ ամիսներ առաջ հայտարարում էր, թե թուրքական իշխանությունները համագործակցում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ եւ նրանց նավթը հենց Թուրքիայի միջոցով է վաճառքի դուրս գալիս։  ՌԴ–ն, տեսնելով Թուրքիա–Արեւմուտք հարաբերությունների լարվածությունը, Թուրքիայի ձգտումը կարգավորել ՌԴ–ի հետ հարաբերությունները, պատասխան քայլեր արեց։ Քանի որ հենց Ռուսաստանին էլ պետք է որոշակի մակարդակով լավ հարաբերություններ պահել Թուրքիայի հետ՝ աշխարհաքաղաքական ու տնտեսական իր շահերն առաջ տանելու համար։

Ռուս–թուրքական հարաբերությունների մերձեցումը, ինչպես նաեւ ծայրահեղ լարվածությունը տարածաշրջանում Հայաստանի համար որոշակի անհանգստություններ է առաջացնում, հիմնականում Արցախի խնդրի հետ կապված։  Թուրքիան մշտապես Ղարաբաղյան հարցում հանդես է գալիս հակամարտող կողմին բնորոշ բոլոր դրսեւորումներով, ինչն էլ անհանգստացնող է Հայաստանի համար։ Ռուսաստանի դեպքում էլ անհանգստության պատճառն այն է, որ ՌԴ–ն, լինելով Հայաստանի դաշնակիցը, երկար տարիներ արդիական զենքեր է վաճառել Ադրբեջանին, եւ հիմա, Թուրքիայի հետ մերձեցման շրջանակներում, Թուրքիայից որոշակի ակնկալիքների դիմաց հնարավոր է անտեսի Հայաստանի շահերը Ղարաբաղի հարցում։

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*