Պուտինը Ստալինի օրինակով ստեղծում է նոր հատուկ ծառայություն-

«ՌԴ նախագահը ստեղծում է լրտեսության նոր նախարարություն, որը խորհրդային КГБ-ն հիշեցնող մեկ հզոր ենթակառուցվածքի մեջ կմիավորի մի քանի գերատեսչություն»,-գրում է The Times հանդեսը:

«Նախագահ Պուտինը ցանկանում է ուժեղացնել վերահսկողությունը ՌԴ հատուկ ծառայությունների վերին օղակների դժգոհ հատվածի վրա եւ ճնշել բողոքի հնարավոր բռնկումները, թեեւ օրերս անցկացված խորհրդարանական ընտրություններում կրեմլամետ «Միասնական Ռուսաստանը» համոզիչ հաղթանակ տարավ»,-նշում է լրագրող Թոմ Փարֆիթը:

«Խորհրդանշական է, որ Պետական անվտանգության նոր նախարարությունը (ՊԱՆ) կկրի այն անվանումը, ինչ Ստալինի ժամանակաշրջանի հատուկ ծառայությունը (1946-1953 թ.թ.): Լրտեսական նոր գործակալությունում կծրագրվեն եւ կիրականացվեն հատուկ գործողություններ երկրի ներսում եւ արտասահմանում: Սպասվում է, որ միաձուլումը տեղի կունենա մինչ 2018թ.-ի նախագահական ընտրությունները, երբ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի 4-րդ անգամ»:

Փորձագետ Մարկ Գալեոտտիի պնդմամբ, այդ կառույցը ստեղծվում է այլակարծությունն արդյունավետ կերպով ճնշելու նպատակով:

«Երկրում հնարավոր են անհանգստություններ` հանքափորների, ուսուցիչների եւ ֆերմերների լոկալ ընդվզումներ: Սակայն, ես վստահ եմ, որ հիմնական նպատակը ռուսաստանյան էլիտայի նկատմամբ վերահսկողությունն է: Գաղտնիք չէ, որ վերին օղակներում լուրջ դժգոհություն կա»,-կարծիք է հայտնել փորձագետը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*