Համաշխարհային լրատվամիջոցներ. Հայաստանի վարչապետի հրաժարականը՝ երկրի քաղաքական ճգնաժամի ֆոնին-

Հայստանի վարչապետի հրաժարականը հետեւեց երկրում քաղաքական ճգնաժամին եւ բողոքի զանգվածային ակցիաներին: Այսպիսի եզրակացության են հանգել համաշխարհային առաջատար լրատվական գործակալությունները՝ մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը, որի մասին հայտնի դարձավ  սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստից հետո:

Associated Press գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի վարչապետն իր հրաժարականի մասին հայտարարել է, ասելով, թե տեղը զիջում է համաձայնության կառավարությանը: Գործակալության փոխանցմամբ՝ սա սպասելի քայլ էր Երեւանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո: Ըստ որում նշվում է, որ վարչապետի հայտարարություններից պարզ չէ, թե ով կղեկավարի կառավարությունը:

Գերմանական dpa գործակալությունն իր  հերթին նույնպես վարչապետի հրաժարականը կապում է երկրում ընդդիմադիր ցույցերի հետ։ Ընդ որում, հեղինակները նշում են, որ Աբրահամյանի հավանական հաջորդը կլինի Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որը «սերտ կապեր ունի երկրի ղեկավարության հետ»։

Բրիտանական The Independent թերթը նույնպես հիշեցնում է բողոքի վերջին ցույցերի մասին։ «Այս ամառը Երեւանում բողոքի ցույցերի թվով 4-րդ ամառն էր։ Իշխանափոխության պահանջը շրջանցեց նախորդ բողոքի ցույցերը, որոնք ուղղված էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կենսաթոշակային բարեփոխումների եւ հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման դեմ»,– ասված է հոդվածում։

Վարչապետի հրաժարականը տեղի ունեցավ տնտեսության զարգացման տեմպի անկման եւ բռնության աճի ֆոնին, կարծում է Reuters–ը։ «Փորձագետների կարծիքով նոր կառավարությունը, ամենայն հավանականությամբ ժամանակավոր բնույթ կկրի եւ վերջնականապես կձեւավորվի միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններից եւ 2018-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի հետո, երբ տեղի կունենա լիարժեք անցում կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության»,– նշում է գործակալությունը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*