Հովիկ Աբրահամյանի վրեժը ՀՀԿ-ից եւ «փոքրիկ» նվերը ԲՀԿ-ին-

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հստակեցում մտցրին, թե ինչպիսին է Աբրահամյանի վերաբերմունքն իր պաշտոնանկ անելու որոշմանը: Արարատի մարզում, որն առավել հայտնի  է որպես Հովիկ Աբրահամյանի ընտրատարածք, այն պատճառով, որ նախ՝ ինքն այդ մարզից է եւ, ապա՝ մարզպետն էլ իր «մարդն է», համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ն խայտառակ արդյունք գրանցեց:

ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք նույնիսկ գործող գյուղապետեր էին, պարտություն կրեցին կա՛մ ԲՀԿ-ականներին, կա՛մ անկուսակցականներին: Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ-ի կապի մասին հիշեցնելը կրկնություն կդիտվի, ուստի ԲՀԿ-ի միջոցով նա որոշակի վրեժ լուծեց ՀՀԿ-ից՝ իրեն պաշտոնանկ անելու միանձնյա որոշման համար:

Օրինակները շատ են, սակայն կթվենք մի քանիսը: Արարատի մարզի Ազատավան գյուղում առաջադրված չորս թեկնածուից ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանը մոտ 300 ձայնով հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սարգիս Խաչատրյանին: Գետազատ գյուղում գործող ԲՀԿ-ական գյուղապետը՝ Գարեգին Հարությունյանը, հաղթել է իր երկու ՀՀԿ-ական մրցակիցներին՝ երկուսի ձայների հանրագումարից ավելի շատ ձայն ստանալով: Հովտաշատի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադեւոսյանը եւս հաղթել է, սակայն այս համայնքում անկուսակցականի դեմ պայքարում, քանի որ ՀՀԿ-ն թեկնածու չէր առաջադրել այստեղ: Նոր Խարբերտ համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Կամո Կակոսյանն էլ հաղթանակ է տոնել ՀՀԿ-ի թեկնածու Արթուր Զոհրաբյանի նկատմամբ:

Նորաշեն գյուղում պատկերը մի փոքր այլ է: Այստեղ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արտուշ Սարգսյանը մոտ 300 ձայնի տարբերությամբ պարտվել է անկուսակցական Նորայր Գրիգորյանին: Նոր Կյուրին գյուղում է անկուսակցական գյուղապետ՝ Գեւորգ Օհանյանը, հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Մյասնիկ Գրիգորյանին:

Նարեկ գյուղում, որտեղ նախկին վարչապետը բազում այգիներ ունի, վերընտրվել է գործող անկուսակցական գյուղապետ Գարուշ Հակոբյանը՝ հաղթելով ՀՀԿ-ական թեկնածու Ռոլանդ Սուսունյանին: Ղուկասավան գյուղում էլ անկուսակցական գյուղապետ Արա Վարդանյան դեմ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, իսկ նա միայնակ մնալով վերընտրվել է:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն գնահատել է գործող քաղաքապետերի եւ գյուղապետերի ընդունակություններն ու հնարավորությունները եւ նոր որոշել է որտեղ թեկնածու առաջադրի, որտեղ՝ ոչ: «Մենք չենք դնում կուսակցականության սկզբունքը, դնում ենք կարողության սկզբունքը: Այդ հարցը պետք է տաք մեր ընդդիմադիրներին, որ այդքան տարիներ բողոքում են, թե իրենք ուզում են իշխանության գալ, այդ համայնքային ընտրություններում քանի՞ թեկնածու են ներկայացրել ամբողջ հանրապետությունով մեկ: Լավ է, որ այս ընտրություններում որոշ ակտիվություն կար: Առանց ՏԻՄ ընտրություններում հաղթելու ուզում են գալ իշխանության: Դա որեւէ ձեւ չի տեղավորվում քաղաքական որեւէ կանոնակարգի մեջ,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն համագործակցում է բոլոր ընտրված համայնքապետերի, գյուղապետերի հետ անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, որոնց ժողովուրդը տվել է վստահություն:

Հարցին՝ տարօրինակ բան չեք տեսնում, որ հենց Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Արարատի մարզում նման պատկեր գրանցվեց, նա պատասխանեց. «Դուք ուզում եք ինչ-որ բաներ գտնել: Բնական ենք համարում այդ պահը: Նոր Կյանքում էլ մեկ ուրիշ ընդդիմադիր քաղաքական ուժ է հաղթել, բա պետք է մրցակցություն լինի: Նախկինում ԲՀԿ-ականները քանի՞ համայնքում են ունեցել գյուղապետ՝ բավականին համայնքներում, ՕԵԿ-ն ունեցել է, ՀՅԴ-ն ունեցել է: Ո՞վ է ասել, որ բոլոր համայնքներում պետք է ՀՀԿ-ն ունենար թեկնածու եւ պետք է անպայման հաղթի, մենք նման խնդիր չենք դրել»:

Վահրամ Բաղդասարյանն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հնարավոր պաշտոնանկության հետ կապված հարցին անդրադառնալով ասաց, որ առհասարակ մարզպետների պաշտոնանկության հարց ՀՀԿ-ում չի քննարկվել, քանի որ դեռ կառավարության կազմը չի ձեւավորվել:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*