Քառօրյա պատերազմի հետևանքը, կամ Հայաստանի նոր շանսը-

Մեր քաղաքական միտքը Քառօրյա պատերազմը դիտարկեց ութ հարյուր հեկտար կորցրած հողատարածքի համատեքստում: Այս խնդրի արծարծումը անկարևոր չեմ համարում առնվազն մեր բանակի բացթողումները գնահատելու համատեքստում: Մյուս կողմից նման օրակարգով դիսկուրսը համարժեք չէ այն գլոբալ հետևանքին, որ ունեցել է կարճատև պատերազմը: Ավելին, ութ հարյուր հեկտարի կորստի հարցը նույնիսկ այս պահին դադարում է օրակարգային լինելուց, երբ սթափ գնահատում ենք այն իրավիճակը, ինչին հանգեցրել է պատերազմը: Ապրիլի առաջին օրերինմեր զինուժը կանխել է Բաքվի ռազմատենչ քաղաքականության կեսագործումը և ոչ միայն: Քիչ է ասել, որ մեր զինվորի հերոսությունը սրբագրել է Հայաստանի դիվանագիտության անպատասխանատու անգործությունը: Ոչ միայն սրբագրել է, այլ պատերազմի հետևանքով ստեղծել է միանգամայն նոր համատեքստ, որն արմատապես փոխել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի փիլիսոփայությունը:

Առաջին հերթին ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի դիրքորոշումները համահունչ են միջազգային համատեքստին և ըստ այդմ՝ ավելի լեգիտիմ: Թերևս այս միջավայրը, բարենպաստ համատեքստը պատճառ դարձան, որ Հայաստանի իշխանությունները կարծրացնեն իրենց դիրքորոշումը ԼՂ հարցում: Մերոնք, ըստ էության, բովանդակային հարթության մեջ հնարավոր չեն համարում երկխոսել Ադրեջանի այսօրվա ղեկավարության հետ՝ փաստելով, որ վերանայման ենթակա է կարգավորման հիմքում դրված «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը: Միջազգային հանրությունը ոչ միայն ըմբռնումով է մոտենում Երևանի նոր քաղաքականությանը, այլ առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մակարդակով անուղղակի աջակցություն է հայտնում դրան: Օրերս, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԼՂՀ խնդրում առայժմ չի երևում կարգավորման հնարավորություն, որովհետև առաջնորդները պատրաստ չեն դրան: Վաշինգտոնի այդ դիրքորոշումը ասվածի լավագույն ապացույցն է, միով բանիվ անուղղակի աջակցությունը Հայաստանի դիրքորոշման կարծրացմանը:

Ապրիլյան պատերազմն առժամանակ միջազգային առաջնահերթությունների օրակարգից հանել է ԼՂՀ հարցը, պատուհան բացելով նաև կարգավորման բովանդակային տրանսֆորմացիայի հնարավորության համար: Բաքվում դա նույնպես հասկացել են, այլևս մեծ հույսեր չփայփայելով այն հեռանկարի հետ, թե հնարավոր է Ռուսաստանի աջակցությամբ կամ պատերազմի միջոցով տարածքային զիջումներ պարտադրել Հայաստանին: Այն, որ Ադրբեջանը մոտավորապես հինգ անգամ կրճատում է իր ռազմական բյուջեն, ասվածի լավագույն ապացույցն է:

Առայժմ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը զբաղված են իրենց համակարգերի տրանսֆորմացիայի խնդիրներով և միջազգային մակարդակով դադար է տրված ԼՂ կարգավորման գործընթացին:

Ադրբեջանում համակարգային տրանսֆորմացիան իր մեջ ռիսկայնության մեծ պոտենցիալ է պարունակում ներքին և արտաքին մարտահրավերների տեսքով: Այս հանգամանքը և միջազգային դադարը կարող են բարենպաստ լինել Հայաստանի համար, եթե իրապես անկեղծ են նոր ավելի կենսունակ համակարգ ձևավորելու Սերժ Սարգսյանի ձգտումները: Միայն այդ ճանապարհով է հնարավոր միջազգային հարաբերություններում մեծացնել Հայաստանի, իսկ կարգավորման գործընթացում՝ Արցախի սուբյեկտայնությունը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*