Անակնկալ իրավիճա՞կ, թե՞ ծրագրված օպերացիա Հայաստանում-

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. հայկական ժողովրդական այս խոսքը վերջին օրերին խիստ բնորոշ է Հայաստանում ծավալված մի պատմության, որը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Միրոնովի հետ: Երևանում նրան ձերբակալել էին օգոստոսի 26-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ Միրոնովը միջազգային հետախուզման մեջ է ԱՄՆ իրավապահների հայտով: Նրանք Միրոնովին մեղադրում են զենքի և տեխնոլոգիաների հետ կապված ապօրինությունների, փողերի լվացման համար: Հայաստանի դատարանը երեկ որոշում կայացրեց, որ Միրոնովը կալանքի տակ չի մնա, սակայն կմնա Հայաստանում՝ մինչև որոշվի նրան արտահանձնելու հարցը:

Այս պատմությունը Հայաստանի համար իսկապես գլխացավանք է: Երևանն առանց այդ էլ գործնականում «կաշվից դուրս» է գալիս Արևմուտքի և Ռուսաստանի միջև մի կերպ լարախաղացություն անելու համար, և ահա մի պատմություն, որտեղ այս կամ այն որոշումը Վաշինգտոնում դրական է ընդունվելու, իսկ Մոսկվայում դժգոհություն է առաջացնելու, և հակառակը:

Ինչպե՞ս կհանգուցալուծի այդ գլուխկոտրուկը կամ գլխացավանքը Հայաստանը: Սակայն մինչ այդ, իհարկե, հարցեր են առաջանում «հակակարկտային» կայանի աշխատանքի կապակցությամբ: Մասնավորապես, Միրոնովը հենց այնպես, իրապես զբոսաշրջային նպատակներով, պատահաբար որոշել էր գալ Հայաստան և այստեղ հանկարծ պարզվեց, որ նա Ինտերպոլով հետախուզվո՞ւմ է, թե՞ Միրոնովին ինչ որ կերպ «մղել» են Հայաստան՝ այդպիսով Երևանին դնելով բավականին բարդ կացության առաջ: Իհարկե, այս հարցին դժվար է պատասխանել, և դրա պատասխանը ստանալու համար կպահանջվի, անկասկած, մանրակրկիտ քննություն, սակայն այլևս փաստ է, որ Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, որը այլ բան չէ, քան աշխարհաքաղաքական «առևտրի» հարթակ:

Այստեղ, իհարկե, հարկավոր է հասկանալ, թե դրանում ի՞նչ կարգավիճակ է ունենալու Հայաստանը՝ լինելու է այդ աշխարհաքաղաքական առևտրի մասնակի՞ց, թե՞ առևտրի առարկաներից մեկը: Այս տեսանկյունից է նաև հետաքրքրական այն հարցը, թե արդյո՞ք իրավիճակը պատահաբար է ստեղծվել, քանի որ Միրոնովը որոշել էր ճանապարհորդել, թե՞ ինչ-որ մեկին անհրաժեշտ է եղել ստեղծել այդ վիճակը և անել դա Հայաստանում:

Խնդիրն այն է, որ եթե իրավիճակը ստեղծվել է պատահաբար, ապա դա կնշանակի, որ այժմ այն գտնվում է մի փուլում, որտեղ պոտենցիալ մասնակիցները ճշգրտելու են իրենց հուզող առարկաների և հարցերի շրջանակը, որի շուրջ էլ արդեն կընթանա հաջորդ՝ բանակցության կամ առևտրի փուլը: Իսկ եթե իրավիճակը հասունացվել է գիտակցաբար, ապա առնվազն այդ հասունացնող կողմը ունի որոշակի սցենար, ըստ այդմ՝ առաջիկայում պետք է սպասել այդ սցենարով նախատեսված հաջորդ քայլը:

Հետաքրքրական է, թե ո՞վ է կատարելու և ո՞ւմ ուղղված կլինի այդ քայլը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*