Հայաստանում քաղաքական դաշտը վերածվել է, հազար ներողություն, «մուտիլովկայի». Արմեն Մարտիրոսյան-

«Սասնա ծռերի» գործունեության հետևանքով փողոցում ծավալվող պայքարի ազդեցությունից իշխանությունները նկատեցին, որ կառավարման նավակը սկսում է ճոճվել, և երկու քայլանի գործողություն իրականացրեցին, ինչը ժամանակավորապես հանդարտեցրեց իրավիճակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, հուլիսյան դեպքերի ակտիվ մասնակից Արմեն Մարտիրոսյանը:

«Անկհայտ է, որ իշխանությունները, տեսնելով, որ կառավարման նավակը սկսել է  ճոճվել, համակարգող խորհրդի ակտիվ անդամներին ձերբակալեցին ու կալանավորեցին, պատժիչ գործողություններ իրականացրեցին Սարի թաղում և Խորենացի փողոցում: Այս երկքայլանի գործողությամբ փորձեցին հանդարտեցնել և վերահսկողության տակ պահել իրավիճակը, որը կարճաժամկետ կտրվածքով հաջողվեց»,- ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, թե համակարգող խմբի անդամներն այժմ ազատության մեջ են և ի՞նչ են պատրաստվում անել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պայքարը շարունակելու ենք մինչև հասնենք համակարգային փոփոխությունների»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ պետականության մեջ հետաքրքիր փուլ է ձևավորվում, և «Սասնա ծռերի» քայլը նման էր ջրի մեջ քար նետելուն, որն իր ալիքը հաստատ կտա. «Այդ ալիքն անպայման կլինի, անկախ նրանից, թե խմբի տղաները որտեղ են: Ակնհայտ է, որ քաղաքական գործընթացները շարունակվելու են:  Բացի դրանից՝ սոցիալ-տնտեսական, ներքին քաղաքական այնպիսի իրավիճակ է երկրում, որ քաղաքացիական ակտիվացում լինելու է: Մենք հիմա ազատության մեջ ենք և մեր պայքարը շարունակելու ենք»:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված այն, որ «Ժառանգության»  բոլոր կալանավորված անդամներն ազատ արձակվեցին գրավի դիմաց, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նման որոշման վրա ազդել են մի շարք պատճառներ։ Կա մի քանի գործոն . «Ժառանգությունը» խորհրդարանական ուժ է, ավագանիում կա,  «Ժառանգությունը» Հայաստանում եզակի քաղաքական ուժերից է, որ Եվրոպայում իշխող կուսակցության անդամ է և այս ամենն իրենց դերակատարումն ունեցել են: Բացի դրանից՝ մեզ համար ակնհայտ ճնշում կար իշխանությունների վրա միջազգային տարբեր կազմակերպությունների ու դեսպանատների կողմից»:

Ինչ վերաբերում է Հայաստանում հուլիսյան դեպքերի ժամանակ քաղաքական դաշտի պասիվությանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց «Սասնա ծռերի» գործողությունը. «Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի, որովհետև այս տարիների ընթացքում, 91-ից  հետո կեղծված ընտրությունների և այլ հետևանքներով պայմանավորված, կուսակցությունները չեն կարողանում իրենց հիմնական գործառույթներն իրականացնել ու սկսում են համագործակցել իշխանության հետ ոչ թե ի բարօրություն պետության, այլ ի բարօրություն սեփական շահի: Գումարած դրան,  մենք չունենք արդարադատության համակարգ և դրանք բոլորն ազդում են քաղաքական դաշտի ձևավորման վրա: Հայաստանում քաղաքական դաշտը վերածվել է, հազար ներողություն, մուտիլովկայի, պղտոր ջրում ձուկ որսալու ձևաչափի, այդ վիճակում սա կոչել քաղաքական դաշտ՝ ճիշտ չէ»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝  երկրում առաջացած ճգնաժամը գոյություն չունեցող քաղաքական դաշտի հետևանքն է: Ըստ նրա՝ այսօր գոյություն ունեցող խնդիրներն իրենց առնչվող համակարգերում չեն լուծվում և գնալով խորանում են.

«Խորացած խնդիրների ֆոնին «Սասնա ծռերի» գործողությունները ցույց տվեցին, որ ճգնաժամն առկա է. հասարակության մի ստվար զանգված զենքով է տեսնում փոփոխությունների հասնելը, որը շատ վտանգավոր է: Բայց ողջունելի էր, որ «Սասնա ծռերը» բախման չգնացին, որովհետև հայը հային չպետք է ոչնչացնի իշխանության սխալների պատճառով:  Սակայն հուլիսյան գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա, իսկ հասարակությունը խաղաղ պայքարով պետք է իրավիճակ փոխի»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*