Հանրությունը ցանկանում է պաշտոնյաներին սպանված տեսնել-

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը մեջբերեց «Արդարություն Հայաստանում» խորագրով հրապարակված համաշխարհային մշակութային գործիչների հայտարարությունը, ապա  հայտարարեց, թե փոփոխություններ եք նախատեսում ակնկալելով ներդրումներ, սակայն ներդրում չկա երկրում:

«Չենք կարող ունենալ ներդրումներ, մեր հայրենակիցներն ունեն կարողություններ, բայց չեն ցանկանում ներդրում անել՝ արդարության պակասից ելնելով: Փոփոխության համար պետք է քաղաքական հայացքների համար պատժախցում գտնվող մարդկանց ազատ արձակել եւ արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանը խոսեց նաեւ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ նախնական վարկածով ինքնասպանության դեպքի մասին:

«Կարծում եմ՝ բոլորդ սթափ եք գնահատում ստեղծված վիճակը, տեսնում ենք ինչ է կատարվում ՏԻՄ ընտրություններին, որի ժամանակ երիտասարդ է մահացել, որը զոհ է, ես այլ կերպ չեմ կարող ասել, որովհետեւ բոլոր նախնական վկայությունները մատնանշում են այդ փաստը»,- ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանի խոսքով, եթե իշխանություններն արտահերթ ընտրություններ չեն հրավիրում, ապա նման ցնցումներն անխուսափելի կլինեն:

«Որովհետև հարցերը լուծելու այլ ճանապարհներ չեն մնում: Վտանգավոր ճանապարհ է, որի թիրախում հետագայում լինելու են բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, մեր հանրությունը գրեթե բոլորից այնքան է կուշտ, որ ցանկանում է նրանց տեսնել սպանվածի տեսքով, վատ տրամադրություն է, բայց դա է հանրության մեջ տիրում, որովհետեւ չեք թողել ոչ մի ընտրություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Փոստանջյանի ելույթին զուգահեռ սկսեցին անհամաձայնություններ հայտնել ՀՀԿ-ական պատգամավորներից, Զարուհի Փոստանջյանն էլ, դիմելով դահլիճում նստած ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին, ասաց.

«Եթե դուք հայտարարություններ եք անում, տիկին Կարինե՛, ձեզ էլ է վերաբերվում, եթե նման արտահայտություններ եք անում, դա դեռ չի նշանակում, որ հարցը գոյություն չունի, ձեր դուռը, ձեր հարազատների դուռը չի թակելու, հետեւաբար, խնդրում եմ… այո, կառավարության գող ավազակները պետք է պատժվեն»,- ասաց նա:

ՀՀԿ-ականները խոսափողներն անջատած հակադարձում էին, սակայն ձայնը լսելի չէր:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարգապահություն կոչ արեց եւ հորդորեց «մարդկանց վիշտն ու անձնական ողբերգությունը չդարձնել քաղաքական բանավեճի առարկա»:

Զարուհի Փոստանջյանն արդեն անջատված խոսափողով էր բանավեճը շարունակում՝ ասելով, որ բոլորի երեխաներն էլ կարող են լինել, ապա հեռացավ նիստերի դահլիճից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*