Խուլ հակամարտության շնչառությունը լսելի է…-

Գուցե առաջ հասկանում էի ամեն ընտրությունից հետո հանրության տխրությունը, անհանգստությունը, վրդովմունքը, ընդվզումը, բայց այս անգամ չեմ հասկանում: ՀՀԿ-ն հաղթել է: Իսկ ո՞վ պիտի հաղթեր. չեմ հասկանում: Հանրության գրառումներից ելնելով եմ նման բան ասում՝ ընդդիմություն չկա, չկա… Սա չէ՞ր հանրության տեսակետը: Եթե իրական ընդդիմություն չկար, ո՞վ պիտի հաղթեր: Հիմա ձեզ եմ հարցնում, փորձեք պատասխանել՝ ո՞վ պիտի հաղթեր: Որ կուսակցության անունը տանք, ասելու եք՝ կեղծ է, սարքովի է… Խնդրում եմ մեկին մատնանշեք՝ ու՞մ կուզեիք, որ հաղթեր: Անգամ եթե ձեր մատնանշածը հաղթեր, նա դառնալու էր ավելի մահապարտ ՀՀԿ-ական: Անկեղծ, երևի ոչ մեկդ էլ չէիք սպասում, որ ՀՀԿ-ից բացի ուրիշը կանցնի, բայց եթե նախորդ ընտրությունների ժամանակ իրական սպասելիք կար ընդդիմությունից, ընդդիմություն կար, այս ընտրությանը դիմադրող ուժ չկար: Չասեք՝ ժողովուրդ, ժողովուրդ… Ընտրությանը ժողովրդին առաջնորդող քաղաքական ուժ է պետք:

 

Յուրաքանչյուրն իր պստիկ կուսակցությամբ «ձայներ էր ուզում թռցնել», այնինչ ամեն ինչ վաղուց բաշխված էր: Ու եթե այլ կուսակցությունից մեկը անցել է, չհավատա՜ք, նույն կուսակցության տարբեր անվանումներն են… Ձայներ ստացած բոլոր կուսակցությունները ՀՀԿ են: Հայաստանյան քաղաքական դաշտը շախմատի տախտակ է, որտեղ նշանակված բոլոր ֆիգուրներն իրենց տեղն ունեն և աշխատում են տեղափոխությունները կատարել շախմատային ոճով: Ամենասարսափելին այն է, որ դիմադրություն չկա, մի լրագրողի հեռախոս ջարդելն ենք համարում ամենալուրջ դիմադրությունը: Չասեք՝ էս տեղամասում ես այդպես էի, մենք այդպես էինք, դրանք ընդհանուր ճակատամարտի մեջ փոքր տարրեր են: Ընդունեք, որ ոչ թե իշխանությունն է ուժեղ, այլ մենք թույլ ենք, սարսափելի թույլ… Մեր զենքերը կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը խաղալիքներ են: Ու չգիտեմ դեռ ինչքան է պետք, որ հասկանանք, որ մեր զենքը չի կրակում… ամենապատասխանատու պահին: Բայց այդքանով հանդերձ իշխանությունը մի սխալ է թույլ տալիս: Ընդդիմադիր ուժի թուլացման, վերացման, կեղծ ընդդիմություններ ստեղծելու հետ մեկտեղ թուլանալու է նաև իշխանությունը ու գալու է մի պահ, երբ բոլորս միասին՝ այսինքն երկիրն է կուլ գնալու օտարի երախին: Կեղծ ընդդիմությունը թավշե տիղմ է, որ մեզ ազգովի իջեցնելու է ջրի հատակ… Ներքին ջրի ակունքը բացել է պետք, որպեսզի այն անսպասելի ինչ որ տեղից չժայթքի… ու… օտարի սրտով անի:

 

Մեր քթի տակ արդեն լսելի է խուլ հակամարտության շնչառությունը, իսկ եթե մենք դա չենք ուզում լսել, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում ամեն ինչ հարթ է… Սերժ Սարգսյանը մոբիլիզացնում է իր ներքին ռեսուրսը, Կարապետյանը՝ իր Գազպրոմը… իր մարդկանց: Դա այնքան տեսանելի է: Իսկ Շարմազանովի հայտարարությունը, որ իրենք մի թիմ, մի ընտանիք են, այնքա՜ն սին է հնչում… Թող ես սխալված լինեմ:

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*