Կարեն Կարապետյանի ֆանտաստիկ հանձնարարականը-

Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հորոդորեց դադարեցնել պրիմիտիվ գողությունը. «Հանձնարարական՝ մենք բավական բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Պրիմիտիվ գոյությունը վերացրեք, ձեր համակարգերում էդ ամեն ինչը կարգի բերեք»:Փաստացի, վարչապետի մակարդակով ուղիղ հայտարարվում է, որ նախարարություններում գողություն է կատարվում: Այդ հայտարարությունը նա արել է ավիատոմսերի գնումների կապակցությամբ: Հայտնի է, որ այդ տոմսերի վրա բավական փող է «դուրս գրվում», եւ ընդհանրապես այդպես է բոլոր ոլորտներում, ուր կատարվում է բացեիբաց, «պրիմիտիվ» գողություն, եւ դրանց «տանիքը» պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են:Վարչապետի հայտարարությունն ինչ որ առումով հաղորդում է հանցագործության մասին: Իրավապահներն ընթացք կտա՞ն այս հայտարարությանը:

Ընդ որում, վարչապետի խոսքը վերաբերվում է հենց նախարարներին, ակնարկելով, որ նրանք նվազագույնը աչք են փակում այդ իրողության վրա, եթե նույնիսկ չունեն անձնական շահ: Պատկերացնել կարելի է, թե ինչպես են նրանք վերջ տալու դրան:Վարչապետի նշած «պրիմիտիվ գողությունը» շատ ավելի խոշոր գողության օղակներից մեկն է, քանի որ կոռուպցիան Հայաստանում համակարգային է: Եվ այդ օղակում գողության վերացումն անշուշտ հարված է այդ համակարգին:

Թե Կարեն Կարապետյանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել են, որ Հայաստանում մեկնարկում են համակարգային փոփոխությունները: Պետք է հասկանալ, թե նրանք ինչ նկատի ունեն համակարգային փոփոխություններ ասելով: Դա կարող է վերաբերվել ինչպես հանրային պատկերացումներով գործընթացին, այնպես էլ զուտ իշխող համակարգի տրանսֆորմացիային ու վերափոխմանը:Դա կերեւա առաջիկայում: Մինչ այդ, Կարեն Կարապետյանն ասում է, թե այնպիսի բարդ մեխանիզմներ են ստեղծելու, որ վերացնեն պրիմիտիվ գողությունը:

Հայաստանում ներկայում իշխանությունից հեռացվում է քրեա-օլիգարխիկ սեգմենտը իր հետամնաց ու պրիմիտիվ կառավարման մեթոդներով ու սխեմաներով, որն ունակ չեղավ ապահովել իր «խաղաղ տրանսֆորմացիան», այդպիսով ավելի խորացնելով ճգնաժամը: Դրան փոխարինելու է գալիս տեխնոկրատ կառավարությունը փողի տնօրինման ու վերաբաշխման այլ փիլիսոփայությամբ ու մոտեցումներով, որն ակնհայտորեն «բարդացնելու» է այդ սխեմաները:Ինչի՞ն է վերաբերվելու այս բարդացումը՝ համակարգն այս կամ այն մոդիֆիկացիայով պահպանելո՞ւն, թե որակապես նոր տնտեսա-քաղաքական միջավայր ձեւավորելուն:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*