Երազումս Պավլիկին եմ տեսել. պաշտոնազուրկ է արվել Հոլանդիայում ցույցի մասնակցած քահանան-

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հուլիսի վերջին անցկացված բողոքի ակցիայից հետո պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Մելքոնյանը: Նա նաեւ Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչն է: Պաշտոնից զրկվելով հանդերձ Տեր Արամը կարգազուրկ չի հռչակվել, քանի որ նա թեեւ գտնվում է Մայր աթոռի հայրապետական պատվիրակության կազմում, բայց ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: Այնպես որ Մայր աթոռ Էջմիածինը չի կարող նրան կարգազուրկ անել: Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պատասխանել է մեր հարցերին.

Արմեն քահանա Մելքոնյանը՝ բարձրախոսը ձեռքին

— Տեր Հայր, ինչո՞վ է պայմանավորված ձեզ պաշտոնազուրկ անելու որոշումը:

— Ուղղակի պատահմամբ տեսա ֆեյսբուքում, որ խաղաղ ցույց է կազմակերպվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան առջեւ եւ որպես Հայաստանի քաղաքացի, որպես հոգեւորական՝ ուզեցի այդ օրը իմ ժողովրդի կողքին լինել: Ես դա իմ պարտականությունը համարեցի եւ գնացի: Այնտեղ խաղաղ ցույց էր, ոչ մի վտանգավոր բան չկար: Բացման եւ փակման խոսքի իրավունքն ինձ տրվեց եւ ես շատ հստակ ասացի, որ մենք «Սասնա ծռերի» կողքին ենք, «Սասնա ծռերը» տեռորիստներ չեն, դավաճաններ չեն, մեր հերոսներն են, եւ եթե մտածում են «Սասնա ծռերին» ոչնչացնելով կարող են հարց լուծել՝ ամեն օր էլ մեր հայ ժողովուրդը կարող է «Սասնա ծռեր» ծնել: Դա է իմ մեծագույն «ոճիրը» եղել: Ցավում եմ դրա համար: Ես սպասում էի, որ գնահատեն ժողովրդի կողքին կանգնելու համար: Բայց որոշեցին ինձանից վերցնել իմ պաշտոնը՝ Մաաստրիխտի հոգեւոր հովվությունը, եւ ասել, որ ուրիշ պաշտոն չեմ կարող զբաղեցնել: Դա տեղի ունեցավ այդ ցույցի պատճառով:

— Ձեզ ո՞վ տեղեկացրեց, որ այլեւս չեք կարող լինել Մաաստրիխտի հոգեւոր հովիվը:  

— Մենք ունենք Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, նա նամակն ուղարկել էր Հոլանդիայում իր փոխանորդին, իսկ վերջինս ինձ պաշտոնապես հայտնեց, որ հետայսու ես ազատ կարգավիճակ ունեմ եւ ոչ մի պաշտոն չունեմ:

— Իսկ նա ինչո՞վ բացատրեց այդ որոշումը, ուղիղ ասաց, որ պատճառը ցույցին մանսակցությո՞ւնն է:

— Ուղիղ չասաց, որ դա պայմանավորված է բողոքի ակցիային մասնակցությամբ: Բայց դրանից երկու օր առաջ ես հանդիպում ունեի Հայրապետական պատվիրակի հետ եւ նա ինձ փոխանցեց, որ շատ վատ է ընդունվել իմ պահվածքը: Մայր աթոռից Ասողիկ քահանա կա, որը Էջմիածնի թանգարանի տնօրենն է, նա այդ ցույցի հաջորդ օրն ինձ դատապարտեց, որ այդպիսի արարք եմ արել, այդպիսի «դավաճանություն» եմ արել (ծիծաղում է): Պատվիրակն էլ ինձ փոխանցեց, որ պատճառը սա է եւ վերեւից հրաման կա, որ ես ոչ մի պաշտոն չեմ կարող զբաղեցնել:

— Դուք որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ եք բողոքարկելու այդ որոշումը:

— Ես չեմ ուզում որեւէ բան ձեռնարկել: Մաաստրիխտի հայ համայնքը բողոք է ներկայացրել պատվիրակին: Եթե պետք է՝ մեր համայնքից երկու պատվիրակներ կգնան Էջմիածին, որպեսզի բողոքեն, որ մեր քահանան սխալ բան չի արել ժողովրդի կողքին լինելով, եւ մենք խնդրում ենք նրան պաշտոնազուրկ անելու որոշումը հետ վերցնել: Երեկ էլ, օրինակ, մեր հավատացյալները պաստառներով բողոքի ակցիա էին արել, որ իրենց քահանայի նկատմամբ այսպիսի վերաբերմունք է ցուցաբերվել: Բայց մենք ազդարարեցինք, որ համբերեն, որպեսզի մենք փորձենք ինչ-որ կանոնավոր ձեւով այդ հարցերը հաղթահարել:

— Տեր Արմեն, ինչպե՞ս եք գնահատում այսպիսի որոշումը եկեղեցու կողմից:

— Ես կարծում եմ, որ եկեղեցականն ի վերջո մարդ է, հայ է եւ բացարձակ ազատություն ունի արտահայտելու այն, ինչում համոզված է: Ես փաստորեն դա արեցի: Հիմա թե մյուսները ինչու չեն անում՝ դա ինձ չի հետաքրքրում: Բայց ես փափագում էի Խորենացի փողոցում կամ Ազատության հրապարակում անցկացվող ցույցերի ժամանակ քահանաներին շարված տեսնել ժողովրդի եւ զինվորների միջեւ: Ափսոս, որ դա չտեսա:

— Ինչպիսի՞նն է ձեր կարծիքը «Սասնա ծռեր» խմբի գործողությունների հետ կապված:

— Ես նրանց պատմությունները կարդացել եմ եւ հետեւել եմ նրանց հերոսական կեցվածքին՝ Ղարաբաղում, Արցախի պատերազմում, այսօր: Ինձ համար «Սասնա ծռերը»՝ սկսած Պավլիկ Մանուկյանից, ազգային հերոսներ են: Ինչպես Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց՝ ժողովուրդը, երբ որ հասնում է հուսահատության մի սահմանի, սոված մի վիճակի, պատրաստ է ամեն տեսակ քայլի դիմելու: Պարզ է՝ մեզ համար ցավ է, որ այդ ձեւով են հարձակվում եւ ՊՊԾ գունդը գրավում, զոհ է լինում: Մենք շատ ուրախ կլինեինք՝ եթե զոհ չլիներ, բայց եղավ, դժբախտություն է: Միեւնույնն է՝ «Սասնա ծռերը» հերոսներ են: Ես այսօր երազիս մեջ էլ եմ տեսել Պավլիկին: Նա խնդրում, աղաչում է, որ հայ ժողովուրդն աղոթի իրենց համար: Ինձ թվում է, որ իրենք նեղ կացության մեջ են:

— Նրանց գործողությունը իր տեսակի մեջ ճի՞շտ եք համարում՝ հարցեր լուծելու համար:

— Ոնց որ Պավլիկն էր բացատրել՝ իրենք չէին ուզում, որ որեւէ զոհ լիներ: Իրենք կոչ էին արել, որ կրակոց չլինի, բայց եղավ: Ի՞նչ անենք: Հիմա էսքան անմեղ զոհեր եղան Ղարաբաղում, ի՞նչ անենք: Մենք գիտենք պատմությունը, ավելի քան 100 զոհ եղավ: Ի վերջո ազատության հասնելու համար երբեմն զոհեր են պահանջվում:

— Ըստ ձեզ հաջողություն կունենա՞ նրանց պայքարը: Ձեր տեսակետն ունեցող հայերը շա՞տ են Նիդերլանդներում:

— Ես հավատում եմ, որ նրանց արարքը ժողովրդի մեջ արթնացրեց իրավունքների պահանջ: Եվ մեր ժողովուրդը, ինձ թվում է, արթնացավ: Կարծում եմ, հետ չեն կանգնելու եւ պահանջելու են իրենց իրավունքները: Որովհետեւ մենք որպես հայ ժողովուրդ իրավունք ունենք ապրել բարգավաճ Հայաստանում, հայավայել կյանքով: Մենք բոլորս էլ օտարության մեջ փափագում ենք տեսնել լավ Հայաստանը եւ գալ, ապրել մեր երկրում:

— Տեր Հայր, տեղյա՞կ եք, Նիդերլանդներում ՀՀ դեսպանն իրականում ասե՞լ է, որ պետք է սատկացնել «Սասնա ծռերին»: Համացանցում նման կարծիք է պտտվում: Դեսպանի կողմից եղե՞լ են ցուցարարներին ուղղված սպառնալիքներ:

— Ես կարդացել եմ, շատ վիրավորվել: Ոչ մի հայ անասուն չի, որ մենք նրան սատկացնենք: Էն հայերը, որոնք գնացել էին դեսպանատուն, նրանք ինձ պատմեցին, որ այս արտահայտությունն է եղել, բայց ես անձամբ ներկա չեմ եղել, այնպես որ չեմ կարող 100 տոկոսով ասել: Մենք շատ վշտացած ենք այս խոսքի համար եւ պարզաբանում կպահանջենք:

Հ.Գ. Մայր աթոռ Էջմիածնի, Կիլիկիո կաթողիկոսության մեկնաբանությունը քահանային պաշտոնազուրկ անելու վերաբերյալ այսօր չհաջողվեց ստանալ: Նրանց տեսակետները կփորձենք ճշտել առաջիկայում:

Ստորեւ՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրությունը՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանին

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*