Իրանը եռապատկելու է Հայաստանին մատակարարվող գազի ծավալները-

Իրանը եռապատկելու է Հայաստանին մատակարարող գազի ծավալները, ինչպես նաև Հայաստանի տարածքով գազ է առաքվելու Վրաստան: Այդպիսով Հայաստանը հնարավորություն ունի դառնալ գազի տարանցման երկիր:

ISNA գործակալության փոխանցմամբ, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար-Զանգանեն ասել է, որ պաշտոնական Թեհրանը պլանավորում է ավելացնել Հայաստան առաքվող գազի ծավալները՝ օրական 1 միլիոն խորանարդ մետրից հասցնելով 3 միլիոն խորանարդ մետրի:

«Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի կարգադրությունից և Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքից հետո, Իրանը համաձայնել է ավելացնել գազի առաքումը Հայաստան՝ մեկ միլիոն խորանարդ մետրից հասցնելով երեք միլիոն խորանարդ մետրի»,- ասել է Զանգանեն Թեհրանում Հայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանի հետ բանակցություններից հետո, հաղորդել է ISNA-ն հուլիսի 26-ին:

Իրանի նավթի նախարարը ասել է, որ Հայաստանը Իրանին խնդրել է ավելացնել գազի առաքման ծավալները ռուսական գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: Նա նշել է, որ Իրանը կսկսի ավելացնել գազի առաքումը Հայաստան 2018 թվականի վերջերին: Նշելով, որ հարևան երկրների հետ էներգետիկ ոլորտում համագործակցության ակտիվացումը Իրանի համար առաջնահերթություն է, Իրանի նավթի նախարարը ասել է, որ Հայաստանը մեծ շուկա չէ, բայց կարող է կարևոր ճանապարհներ բացել իրանական գազը այլ երկրներ առաքելու համար:

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարարն ասել է, որ Վրաստանի հետ պիլոտային համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի տարածքով Վրաստանին փոքրածավալ գազ մատակարարելու համար:

Ըստ IRNA պետական գործակալության՝ Զանգանեն հույս է հայտնել, որ Վրաստանին գազ առաքելու ծրագիրը հնարավոր կլինի իրագործել այս տարվա ընթացքում: Իրանի նավթի նախարարը նշել է, որ Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը ամենակարևորը եղել է Վրաստան գազ առաքելու հարցը:

Զանգանեն նաև ասել է, որ Յոլյանի հետ հանդիպմանը քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ նոր ընկերություն հիմնել, որը կզբաղվի երկու երկրների միջև գազային ծրագրերով ու համաձայնագրերով, ինչպես նաև հայաստանյան այդ նոր ընեկերությունը պատասխանատու կլինի դեպի Վրաստան էներգակիրների տարանցման հարցում: Իրանցի նախարարը նշել է, որ այս կազմակերպության միջոցով կկատարվեն առաջիկայում գազի ուղղակի վաճառքների պայմանագրերը և գազի հնարավոր տարանցումը այլ տարածաշրջաններ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*