Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»-

Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել է ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։ Ավելի վաղ Աշոտ Կարապետյանը խիստ նկատողություն էր ստացել Սարի թաղի դեպքերով ոստիկանությունում ընթացող ծառայողական քննության շրջանակում։ Երեւանի ոստիկանապետ է նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը: Այսօր նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխվել Երեւան:

Ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին ուղարկել են մեծ արձակուրդի։ Վարչապետի որոշումով՝ Երանոսյանին տրամադրվել է 28-օրյա արձակուրդ։  Նշենք, որ Խորենացիում եւ Սարի թաղում ցուցարարների նկատմամբ բռնությունների հետ կապված հենց Լեւոն Երանոսյանի անունն է շրջանառվում։ Ավելի վաղ նույն դեպքերի հետ կապված ոստիկանությունում ընթացող ծառայողական քննության շրջանակում կասեցվել էին Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները։ Նա նույնպես ոստիկանության բարձրաստիճան ծառայող էր։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխվել է։ Նախաքննական մարմինը որոշել է, որ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Քրեական հետապնդումը Ենիգոմշյանի նկատմամբ չի դադարեցվել։ Նա մեղադրվում է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ։ Ենիգոմշյանն այսօր ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այնտեղից նրան տեղափոխել են տուն, որտեղ Ենիգոմշյանը հարցազրույց է տվել լրագրողներին։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի այդպես էլ չկայացած հանդիպմանը, նա ասել է, որ իշխանությունների կողմից տրված խոստում է եղել, որը չի կատարվել։

Ի դեպ, Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի բացառում, որ առաջիկայում «Սասնա ծռերին» օժանդակելու համար կալանավորված այլ քաղաքացիներ էլ ազատ կարձակվեն,   քանի որ նրանց առաջադրված մեղադրանքները իրենց մեջ փաստական հիմքեր չունեն: «Ուղղակի ով հեռախոսով խոսել է, վերցրել՝ «բարեւ Ձեզ» է ասել, կալանավորել են»,-ասել է փաստաբանը։

«Սասնա ծռերի» անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանին, որին հուլիսի 6-ին երկու ամսով կալանավորել եւ տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», անհրաժեշտ է բուժօգնություն քաղաքացիական հիվանդանոցում։ Նրա փաստաբանի խոսքով՝ Թաթուլ Թամրազյանը ծանր վիրահատության է ենթարկվել, նրան անընդհատ ցավազրկողներ են ներարակում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկան պայմաններ նրան անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Ի դեպ, օգոստոսի 6–ին Թաթուլ Թամրազյանին դատարան են տարել պատգարակով։ Կալանքի որոշման նիստը պարբերաբար ընդհատվել է, քանի որ բժիշկները նրան 20 րոպեն մեկ ցավազրկող են ներարկել: Չնայած դրան՝ նա դատարանից տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց։

Հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իրավապահներին հանձնված «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Փաստաբանը պնդում է, որ նրանք ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից եւ ունեն մարմնական բազմաթիվ վնասվածքներ։

Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված, ապա կալանավորված՝ «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանն  արդեն 8 օր հացադուլ է անում։  Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ նրա առողջական վիճակն առայժմ բավարար է։

Մինչդեռ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նրան աջակցելու նպատակով ստեղծված նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Սանասարյանն ունի երիկամների խնդիր, եւ մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Նրանք Գլխավոր դատախազին եւ օմբուդսմենին կոչ են անում վերացնել զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ կասկածվող Սանասարյանի կալանավորումը, որպեսզի Դավիթը, մինչ դատական վարույթը սկսելը, կարողանա համապատասխան բժշկական հետազոտություն անցնել եւ պատշաճ բուժում ստանալ:

Օգոստոսի 7-ին ինքնասպան է եղել ԱԱԾ պետական պահպանության ծառայության  կրտսեր տեսուչ, 36-ամյա Խաչիկ Ղահրամանյանը։ Մարմինը հայտնաբերել է մայրը՝ հյուրասենյակի դռնից պարանով կախված։  Կատարվում է քննություն։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Օգոստոսի 7–ի առավոտյան Շերամի փողոցում գտնվող ավտոմեքենաների գազաբալոնային համակարգի տեղադրման արհեստանոցում Nissan մակնիշի մեքենայի մեջ հայտնաբերվել է պատանու դի։ 16-ամյա Ալեքս Ղարիբյանը Երեւանի բնակիչ էր։ Նախօրեին պատանին նշել է քրոջ ծննդյան տարեդարձը, այնուհետեւ ժամը 23:00-ի սահմաններում ավտոսպասարկման կետ գնացել: Նախնական քննությամբ՝ պատանու մարմնի վրա բռնության հետքեր չկան: Կատարվում է քննություն։

Օրերս Շիրակի մարզի Հովիտ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 13 տարեկան տղան, որը գառներին սար էր տարել արածեցնելու, կայծակնահարվել է եւ տեղում մահացել։

Էջմիածին քաղաքում էլ մի քաղաքացի մահացել է հոսանքահարումից։Ենթակայանի մոտ խոտածածկ տարածքում հրդեհի ահազանգով դեպքի վայր մեկնած  փրկարարները հրդեհը մեկուսացնելուց հետո կից ավտոտնակի տանիքին նկատել են 56–ամյա տղամարդու դին, որը նախնական տվյալով մահացել է հոսանքահարումից։

Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից ամենամեծ հաջողությունն առայժմ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանինն է: Նժույգի վարժությունում նա նվաճել է եզրափակիչում ութ ուժեղագույնների հետ մեդալի համար պայքարելու իրավունք: Եզրափակիչը օգոստոսի 14-ին է:

Սպորտային մարմնամարզությունում առաջին անգամ Հայաստանն ունեցավ մասնակից կանանց մրցաշարում: Ամերիկահայ Հուռի Գեբեշյանը թեեւ չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը, սակայն զուգահեռ պտտաձողի վարժությունում կատարեց նոր տարր: «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը: Գոհ եմ իմ մասնակցությունից, արել եմ իմ ուժերի առավելագույնը: Ես հաջող արել իմ նոր տարրը, ու այն ընդունվել է: Կկոչվի «Գեբեշյան» տարր: Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հավանեց եւ ընդունեց այն»,- NEWS.am Sport-ի թղթակցին ասել է Հուռի Գեբեշյանը: Սպորտային մարմնամարզությունում Հայաստանի երրորդ մասնակից Արթուր Դավթյանը հենացատկում գրավելով 11-րդ տեղը եւ լքեց պայքարը՝ դուրս չգալով եզրափակիչ:

Բռնցքամարտի մրցաշարում հաղթանակով մեկնարկեց 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:  25-ամյա հայ մարզիկը 1/16 եզրափակիչում մրցեց Ֆիջիի ներկայացուցիչ, 22-ամյա Ուինսթոն Հիլի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Երկրորդ մենամարտում Վլադիմիր Մարգարյանի մրցակիցը կլինի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից կուբացի Ռոնիել Իգլեսիասը, որը 64 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն է դարձել Լոնդոն-2012-ում: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 11-ին:

Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում 27:30 (0:3) հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքել պայքարը:  Ռիո-2016-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականից հանդես կգան նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (64 կգ)

Դոլարն ու ռուբլին այսօր էժանացել են, եվրոն ու ֆունտը՝ թանկացել: Այսպիսով, դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.34, եվրոյինը՝ 528, ֆունտինը՝ 621 դրամ:

Օգոստոսի 10-13-ը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից: Իսկ վաղը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ,  գիշերը կլինի +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +36+37 աստիճան տաքություն։

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*